Oct 25 2019 12:17
Banovsha Shahaliyeva
Views: 318

Հոկտեմբերի 25-ը աշխարհահռչակ երգիչ Մուսլիմ Մագոմաևի հիշատակի օրն է: 11 տարի առաջ, այս օրը նա հեռացավ կյանքից, սակայն նրա յուրօրինակ երաժշտական տաղանդը ապահովում է նրա հավերժ փառքը, որպես ունիկալ երգիչ, օպերային, էստրադային կատարող, նրա կերպարը հավերժ ապրում է աշխարհի միլիոնավոր մարդկանց սրտերում:   Մուսլիմ Մագոմաևը ծնվել է 1942 թվականի  օգոստոսի 17-ին՝ Բաքվում,  ստեղծագործ ընտանիքում. նրա հայրը եղել է թատերական նկարիչ, մայրը` դրամատիկ դերասանուհի,    պապը` Մուսլիմ Մագոմաևը, հանրահայտ ադրբեջանցի երգահան էր, որի անունը կրում է  Ադրբեջանի ֆիլհարմոնիան: Մագոմաևն ավարտել է Բաքվի կոնսերվատորիային կից  գործող  երաժշտական դպրոցի՝ դաշնամուրի, կոմպոզիցիայի դասարանը և  Ադրբեջանի  Կոնսերվատորիայի երգեցողության դասարանը: Նա առաջին անգամ հանդես է եկել Բաքվում: Մագոմաևը համամիութենական համբավ ստացավ Կրեմլի Կոնգրեսների պալատում ունեցած ելույթից հետո՝ 1962 թվականին ադրբեջանական արվեստի փառատոնի եզրափակիչ համերգում: Նրա առաջին սոլո համերգը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 10-ին՝ Չայկովսկու անվան համերգասրահում: 31 տարեկան հասակում  նա դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: 1960-70-ական թվականներին Մուսլիմ Մագոմաևը մեծ համբավ էր վայելում.  Բազմահազարանոց մարզադաշտեր,  անվերջ հյուրախաղեր ողջ  Խորհրդային  Միությունում և արտերկրում ու հաճախակի հեռուստատեսային ելույթներ: Նրա երգերի ձայնասկավառակները մեծ խմբաքանակով էին թողարկվում: Այսօր էլ հետխորհրդային տարածությունում նրան սիրում և լսում են: 1998 թվականին  նա դադարեցրեց ակտիվ ստեղծագործական գործունեությունը և վերջին տարիներն  անցկացրեց Մոսկվայում: Մուսլիմ Մագոմաևը վախճանվեց Մոսկվայում 2008 թվականի  հոկտեմբերի 25-ին՝ 66 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո: Մեծ երգիչը հուղարկավորվել է  Բաքվի Պատվո ծառուղում:


Create Account



Log In Your Account