Jan 12 2017 10:44
Banovsha Shahaliyeva
Views: 61

Փոստանջյան Օսկանյանն ու Օհանյանը պիտի ընդունեն, որ մեղավոր են Մարտի 1-ի համար.

«Ժառանգություն» կուսակցությունում տարակարծություններ կան․ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ կուսակցությունը պետք է միայնակ գնա ընտրությունների, իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դաշինքի կողմնակից է, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, մինչդեռ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը միանալու առաջարկ է ստացել։ «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ «Ժառանգություն» կուսակցությունը դաշինքի կգնա միայն մի դեպքում՝ եթե նրանք ընդունեն, որ մեղավոր են Մարտի 1-ի համար և ընտրություններից հետո կանգնեն դատարանի առաջ», - հայտարարում է Զարուհի Փոստանջյանը։ Սա դեռևս միայն Փոստանջյանի տեսակետն է, բայց նա պնդում է, որ պայքարելու է, որպեսզի դա դառնա կուսակցության դիրքորոշումը։

«Որ ասում են՝ վերջ, այլևս այն քսանհինգ տարվա արատավոր համակարգը չպետք է գոյություն ունենա, այ՛ո, մենք եղել ենք մեղսակից և պատրաստ ենք նստել մեղադրյալի աթոռին, թող մեր նկատմամբ տեղի ունենա արդար դատավարություն․․․ այդ ժամանակ ես բոլոր մարդկանց կարող եմ լսել և ասել՝ եկեք, մենք միասին գնում ենք պատերազմ՝ քանդելու այս համակարգը», - «Ազատության» հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավորը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ակնարկում է, որ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր նման կողմ է դաշինքով ընտրությունների գնալուն։ «Ժառանգությունը» միասնական կարծիք կունենա առաջիկա օրերին, երբ կուսակցության ղեկավարը Միացյալ Նահանգներից վերադառնա և քննարկեն հարցը, բայց Մարտիրոսյանը շեշտում է՝ դաշինքի շուրջ քննարկումները հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է սկսել․

«Եթե ինքը դեմ լիներ դաշինքներին, որպես միջոց իշխանափոխության, ինքը ուղղակի այդ հանդիպումները չէր էլ սկսի»:

Թեև Մարտիրոսյանը չի ցանկանում հայտարարել, թե ում հետ են հանդիպումներ անցկացրել ինքը և Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց, ըստ մամուլի, քննարկումներն ընթանում են Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության, Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հետ։ Մարտիրոսյանը համարում է, որ Օսկանյանը Մարտի 1-ին կրակելու հրաման չի տվել և նրա հետ համագործակցությունը չի բացառում, նույնը Սեյրան Օհանյանի դեպքում․

«Եթե որևէ մեկը թեկուզ կես փաստ կբերի, որ Վարդան Օսկանյանը հրաման տվողների մեջ է եղել, ես միանշանակ ներողություն կխնդրեմ և իմ կարծիքը՝ դաշինքային հարաբերություններ հաստատել Վարդան Օսկանյանի հետ, կփոխեմ»:

Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ վարչության նիստի ժամանակ կպայքարի այլ կարծիքների դեմ, համակերպվել չի պատրաստվում: Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, կարծում է, որ հիմա կարևորը իշխանափոխություն անելն է, իսկ դրանից հետո Փոստանջյանը կարող է երկու նախկին պաշտոնյաների դեմ հայց ներկայացնել դատարան։

 

 

 


Create Account



Log In Your Account