Feb 14 2018 11:34
Banovsha Shahaliyeva
Views: 6

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարում է՝ 2017 թվականին մարդու իրավունքների ոլորտում հետընթաց է արձանագրել: Իրավապաշտպան կազմակերպությունը նման եզրահանգման է եկել դիտարկելով անցած տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունները, հնչեղ դատավարությունները, իրավապահների աշխատանքը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը հայտարարել է, թե Հայաստանում մոտ երկու տասնյակ քաղաքական և խղճի բանտարկյալներ կան՝ հիշատակելով Հիմնադիր խորհրդարանի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա ծռերին» օժանդակելու գործով կալանավորված Կարո Եղնուկյանին, Սամվել Բաբայանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլոց։

«2013 թվականի նոյեմբերին Հայաստանում նորից քաղաքական բանտարկյալներ երևացին, և առաջինը Շանթն ու իր ընկերներն էին: Եթե մենք ընդունենք հիմա, որ ընդդիմախոսը կասեր, թե նրանց արածում քրեական հանցագործություն կարելի էր նկատել, չեմ ուզում վիճել: Ընդունենք, որ այդպես է: Բայց պատիժը անհամաչափ պատիժ էր, և սա քաղաքական հաշվեհարդար էր: Հաջորդ անհամաչափ պատիժը Հայկ Կյուրեղյանի նկատմամբ էր: Իհարկե կար քրեական տարր նրա արածի մեջ», - հավելել է Իշխանյանը:

Հարցին, թե արդյոք 2016 թվականի ամռանը ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերը» ևս քաղաքական բանտարկյալներ են, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բացասական պատասխան տվեց․

«Սասնա ծռերը» այս ցուցակի մեջ չկան, բայց «Սասնա ծռերի» դատավարությունը ցույց կտա ամեն ինչ, որովհետև արդար դատավարություն չի ընթանում»,-ասել է Ավետիք Իշխանյանը:

Առանձնացնելով անցած տարի արձանագրած մարդու իրավունքների խախտումները՝ իրավապաշտպանն անդրադարձել է 2017-ին դատարանի նկուղում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» 4 անդամներին ծեծի ենթարկելու դեպքին: Նա շեշտել է, որ ամիսներ շարունակ իրավապահները քննում են այս գործը, բայց դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

«Ես համարում եմ, որ ամենաաղաղակող երկու դեպք է տեղի ունեցել անցյալ տարի, որ կարելի է նույնիսկ աննախադեպ համարել: Մեկը դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ ծեծ ու ջարդը: Սա աննախադեպ երևույթ է գուցե նաև համաշխարհային պատմության մեջ: Աննախադեպ մյուս դեպքը, ես կասեի, «Հաց բերողի» ողբերգական մահը»:

Իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում տեղ են գտել նաև 2017-ի խորհրդարանական ընտրությունները, երբ, ըստ Իշխանյանի, կոտրվեց ժողովրդի կամքը․

«Սա եղավ ամենաանարդար ընտրությունները և ցույց տվեց, որ ժողովրդի պայքարը կոտրված է: Հեշտ է նստել և մեղադրել ժողովրդին, որ նրանք ծախվեցին: Ինձ բացարձակապես դուր չի գալիս, իհարկե, այդ երևույթը, որ մարդիկ 10 հազար դրամ վերցնում, գնում են: Առավել ևս դուր չեն գալիս այն մարդիկ, որոնք այդ 10 հազար դրամը տալիս են: Իսկ առավել ևս ինձ դուր չեն գալիս այն մարդիկ, որոնք հրահանգում են այդ մարդկանց, որ այդ 10 հազարները տան»:

Հարցին, թե որն է պատճառը, որ ժողովրդավարական կառույցների հետ աշխատող իշխանությունները շարունակում են խախտել մարդու իրավունքները, Իշխանյանը պատասխանել է․

«Եթե քո նպատակը միայն իշխանություն պահպանելն է, քո իշխանությունը պահելն է, դա ուղիղ հակադարձ համեմատական է մարդու իրավունքների պաշտպանությանը»:


Create Account



Log In Your Account