Apr 14 2018 13:14
Banovsha Shahaliyeva
Views: 113

Որքան մոտենում է Հայաստանի վարչապետի ընտրության օրը, այնքան Սերժ Սարգսյանի հնարավոր վաչապետության դեմ պայքարը թեժանում է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջ երկշաբաթյա քայլարշավը հասել է Երևանի Ազատության հրապարակ, որտեղ ակցիայի նախաձեռնողները բազմամարդ հանրահավաք են անցկացրել՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով։  Մոտ մեկ ժամ տևած իր ծավալուն ելույթում թվարկելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ձախողումները՝ Փաշինյանը կոշտ քննադատության է ենթարկել նրան և մարդկանց կոչ արել դուրս գալ փողոց և շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակը՝ տապալելու խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը պատրաստվում է Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում: Դրանից հետո հանրահավաքի հազարավոր մասնակիցները շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Հետո  Փաշինյանը և երթի մասնակիցներն հավաքվել են Երևանի  Պետական Համալսարնի բակում, որտեղ ուսանողներին առաջարկել են հայտարարել դասադուլ և միանալ Սարգսյանի վարչապետությունը կանխող պայքարին: Երթի մասնակիցներին հաջողվել է մտնել ԵՊՀ և այնտեղ  իրազեկում  անցկացնել: Երևանի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ գլխավոր մասնաշենքի բակում ցուցադրաբար դասադուլ են հայտարարել՝ տեղեկացնելով, որ դասի գնալու փոխարեն միանալու են Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը և պայքարելու են Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ: «Ազատության»  հետ զրույցում  ցուցարարներից մեկը նշել է.

Աղջիկ. «Ես դեմ եմ Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, իսկ Սերժ Սարգսյանը խանգարում է իմ համալսարանի համաչափ զարգացմանը: Անձամբ շատ մարդկանց գիտեմ, ովքեր դասի չեն գնացել, դա դասադուլի իրենց  ձևն է»:

Տղա. «Յուրաքանչյուրս փորձում ենք մեր քայլը անենք և թույլ չտանք, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ  ընտրվի վարչապետ:

«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը վստահ է, որ դժվարը սկիզբն է, առաջիկա օրերի ընթացքում ցուցարարների թիվը կաճի, ուսանողները կակտիվանան, չեն խանգարի անգամ բուհերի ղեկավարության ճնշումները․

«Ես անձամբ տեղեկություններ ունեմ, որ բժշկական համալսարանում, տնտեսագիտական համալսարանում, ԵՊՀ որոշ ֆակուլտետներում հստակ նախազգուշացումներ են եղել ուսանողներին, որպեսզի էլ չմասնակցեն: Բայց, կարծում եմ, յուրաքանչյուր երկար ճանապարհ առաջին քայլից է սկսվում»:

Հարկ է նշել, որ  փոխվել են Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման նախաձեռնության պլանները։ Վերջիններս նախատեսել էին այսօր Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ընթացքում շրջափակել ՀՀԿ շենքը, որտեղ էլ պետք է հայտարարվեր, որ վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը առաջադրում է Սարգսյանի թեկնածությունը։

«Մեր էդ հայտարարությունից հետո Հանրապետական խորհուրդը արտագաղթել է Ծաղկաձոր: Մեր պլանները դրանից փոխվել են, էսօր պետքա շատ հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, որտեղ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ  «Իմ Քայլը» նախաձեռնությունից բացի, բողոքի ակցիաներ են անցկացրել և անցկացնելու նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։


Create Account



Log In Your Account