Jun 14 2018 12:22
Banovsha Shahaliyeva
Views: 36

Ազգային անվտագության ծառայությունն Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարել է խուզարկություններ: «Ազատության» տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները քաղաքապետարանի շենքից պարկերով իրեր դուրս հանում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, հաղորդում է ստացվել 2 քաղաքացիներից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ: Դեռ երեք ամիս առաջ Կրթության և գիտության նախարար, այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նվիրատուների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու համար դատի էին տվել մայրաքաղաքում սոցիալական բնույթի ծրագրեր իրականացնող «Երևան» հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ անդամները՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Արայիկ Հարությունյանն ասել էր, թե կասկածներ ունեն, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց, օրինակ, տարածքներ սեփականաշնորհելու, քաղաքացիները ոչ միայն պետական տուրքեր են վճարում, այլ նաև գումար են փոխանցում «Երևան» հիմնադրամին, որպես  այսպես կոչված «մաղարիչ»: Լենա Նազարյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց՝ բազմաթիվ քաղաքացիներ Երևան հիմնադրամի հետ խնդիրներ են ունեցել։ Պատգամավորը կարծում է, որ եթե եղել են կոռուպցիոն երևույթներ, ապա՝ Տարոն Մարգարյանի գիտությամբ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով տարիներ շարունակ հետևել է «Երևան» հիմնադրամի գործունեությանն, ևս ասում է՝ ակնհայտ կոռուպցիոն երևույթներ կան․ -

«Միայն կոռուպցիոն երևույթներ եմ տեսնում, ուրիշ երևույթ չեմ տեսնում: Էդ նույն լուրերը ես եմ ունենում, որ որպեսզի էս գործարքը լինի, ասում են՝ տանում ես էսքան «Երևան» հիմնադրամ մուծում ես, սա լինում է: Որպեսզի աճուրդը հաղթես, որպեսզի էս լինի․․․»

Նրա խոսքով, ԱԱԾ-ի գործողությունները հաստատեցին իր այն կասկածները, որ ունեցել է «Երևան» հիմնադրամի վերաբերյալ․ - «Ակնհայտ գողության խողովակ է: Որովհետև որպես ավագանու անդամ մենք ամեն տարի երբ հաստատում ենք քաղաքապետի բյուջեն, այդ նպատակների առանձնացված տողեր կան՝ սոցիալական, բարեգործական։ Եվ դիմացը գումար կա: Հիմա, դրանից բացի, «Երևան» հիմնադրամին տրվում է փող, որ ինքը իրականացնի սոցիալական ծրագիր, բարեգործական ծրագիր, կանաչապատում, էս անի, էն անի: Չեմ հասկանում, էս կրկնակի գումարները եթե լիներ, մեր Երևանը հիմա մի հատ կեղտոտ տեղ չունենար մի հատ բլած անկյուն չունենար․․․ Այդ գումարները ժողովրդի ասած՝ գյուռ-գյուռ ծախսվել են բոլոր տեսակի ընտրությունների վրա: Սա ընտրություններ իրականացնելու քսակն է, կուսակցական, Հանրապետական իրենց քսակներն են: Սա էլ Երևանի կողմից նվեր, փեշքեշ ձեզ»:

 

 


Create Account



Log In Your Account