Jul 12 2018 12:40
Gulyaz Shirinova
Views: 39

Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն, նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին, քրեական գործում ներգրավվել է 2007 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի բնակիչ, 34 ամյա Դավիթ Սիմոնյանի սպանության գործով: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ դեպքը տեղի էր ունեցել  Ալեքսանդր Սարգսյանի որդու բնակության վայրում՝ Թումանյան 11 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկում։

Ի դեպ, սա հենց այն հասցեն է, որտեղ հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շուրջ ինը ժամ խուզարկում էին իրականցնում, ինչից հետո, ուշ երեկոյան, Հայկ Սարգսյանը տարվեց քննչական բաժին, ապա չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց։

Նոր զարգացում կա նաև Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդուն՝ Նարեկ Սարգսյանին առնչվող քրեական գործում։ «Ազատության» հետ զրույցում Ազգային Անվտանգության Ծառայությունից հաստատել են, որ  Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և իրավապահներին է ներկայացել Նարեկ Սարգսյանի թիկնապահը՝ հետախուզման մեջ գտնվող 34 ամյա Արտեմ Պետրոսյանը: Հիշեցենք՝ Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, քանի որ իրավապահները պարզել էին, որ Նարեկն իր թինկապահի հետ հունիսի 22-ին մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով։ Իսկ մինչ Հայաստանը լքելը Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանի միջոցով իր ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին էր փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին:

Ավելի ուշ՝ հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով նա Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Այդ ճամպրուկներում հայտնաբերվել էր կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են թմրանյութ ընդունելու նպատակով։ Արտեմ Պետրոսյանը կալանավորված է։


Create Account



Log In Your Account