Aug 10 2018 14:52
Banovsha Shahaliyeva
Views: 35

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցները, որպես կաշառք ստացած գումարների դիմաց, իրականացրել են զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներին նախընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղաժամկետ զորացրելու գործընթացներ:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հուլիսին մի շարք դեպքեր են բացահայտվել:

Ձեռք բերված տվյալների համաձայն` Հայաստանի Պաշտպանության Նախարարության Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի  մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստազորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորակոչիկների տարկետումը կազմակերպելու համար:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Հայաստանի Պաշտպանության Նախարարության Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խափանման միջոցներ:


Create Account



Log In Your Account