Oct 11 2018 13:55
Banovsha Shahaliyeva
Views: 16

Հայաստանում բողոքի ակցիաները շարունակվում են: Այս անգամ ալավերդցի մետալուրգներն են իրենց բողոքի ձայնը բարցրացրել: Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները իրենց մեքենաներով  փակել էին Ալավերդուց դեպի Վրաստան գնացող ճանապարհը։ Մետալուրգ Գագիկ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել , որ չի ցանկանում կորցնել աշխատանքը, քանի որ ընտանիքի ֆինանսական հոգսը իր ուսերին է: Նրա խոսքով քաղաքում այլ աշխատանք գտնելու հնարավորություն էլ չկա:

«Առավոտը գնում եմ իրիկունը գալիս եմ, իմ ընտանիքի, երեխեքի հետ, ընկերների հետ»:

«Արդեն մի անգամ տեսել ենք 90-ական թվականներին սովը, երկրորդ անգամ քաղաքը կվերանա որպես քաղաք, այստեղ ուրիշ աշխատանք չկա, որովհետև այստեղ երկար տարիներ պղինձա ձուլվել»,-ասել է մի տղամարդ:

Հարկ է նշել, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված էին ՎՏԲ բանկում, և հիմա վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը վերցնում է «Վալեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, իսկ մինչ այդ ընկերությունը տուգանվել էր 300 միլիոն դրամով, ինչպես նաև արտանետումների հետ կապված լուրջ պահանջներ էին ներկայացվել։ «Էյ-Սի-Փի» ՖԲԸ իրավաբան Հրաչյա Թանդիլյանի խոսքով.

«Առաջինը բնապահպանության խնդիրը, որ թույլ տան, և մեր ՎՏԲ բանկը ոտնձգություն չկատարի ընկերության վրա»:

Ակցիայի մասնակիցները փորձում են կառավարության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա, որ գործարանի փակումով քաղաքում այլևս աշխատատեղ չի մնա, իսկ գործարանի 700 աշխատակիցները պարզապես գործազուրկ կդառնան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր Թեղուտի հանքավայրը, որը ևս մտնում էր «Վալեքս» խմբի մեջ: Հանքավայրի շահագործումը դադարեցվել էր շուրջ 380 միլիոն ժամկետանց վարկի պատճառով։

Ստացվում է, որ այս երկու դեպքերով էլ երկու հանքավայրերը փաստացի հայտնվելու են ռուսական կապիտալով աշխատող ՎՏԲ բանկի ձեռքում։

Նշենք, որ ընկերության երկաթուղային տրանսպորտի մասի աշխատակիցներն էլ փակել էին երկաթգիծը:

Մետալուրգները տեղեկացրել են, որ իրենց ակցիան առայժմ նախազգուշական է, սակայն եթե որոշում կայացվի գործարանը վերջնական փակել և այն  բանկին հանձնել, ապա իրենք ընդունակ են ավելի լուրջ քայլերի՝ մասնավորապես պատրաստվում են քանդել դեպի Վրաստան գնացող երկաթգիծը։


Create Account



Log In Your Account