Feb 09 2019 18:02
Gulyaz Shirinova
Views: 35

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի  գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բոլոր ոլորտներում  հարաբերությունների  հաջող զարգացման մասին: Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մաքսիմ Օրեշկինի ներկայիս այցը Ադրբեջան իր ավանդը կներդնի երկկողմ կապերի հետագա զարգացման գործում: Իլհամ Ալիևը հավելել է, որ արդեն կոնկրետ աշխատանքներ են տարվում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված  պայմանավորվածությունների, ինչպես նաև անցյալ տարվա սեպտեմբերին նրա Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի կատարման ուղղությամբ:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ  Մաքսիմ Օրեշկինը նշել է, որ Ադրբեջան կատարած յուրաքանչյուր այցի ժամանակ  պատվիրակությունը ծանոթանում է տարբեր մարզերին, քաղաքներին և երկրի բազմաթիվ գեղատեսիլ վայրերին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ ակտիվորեն համագործակցում է ճանապարհային քարտեզի շրջանակներում, որը հաստատվել է Ադրբեջանի նախագահի Ռուսաստան կատարած այցի ընթացքում: Մաքսիմ Օրեշկինը արձանագրել է, որ կողմերի միջև առկա է դրական դինամիկա առևտրաշրջանառության, ներդրումների և  համատեղ նախագծերի իրականացման բնագավառներում:

Ներկայումս աշխատանքներ են տարվում երեք սահմանային անցակետերի կատարելագործման համար, ինչը խոսում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հարցում համալիր մոտեցման առկայության մասին:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի գլխավորած պատվիրակության Ադրբեջան կատարած երկօրյա այցի շրջանակներում երկու երկրների ներկայացուցիչները ծանոթացել են սահմանային անցակետի վերակառուցման և Սամուր գետի վրա կամրջի կառուցման աշխատանքներին: Երկու երկրների կողմից ֆինանսավորվող կամրջի շինարարական աշխատանքներն իրականացնում է ադրբեջանական կողմը: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է  36,5 մլն մանաթ: Կամրջի շինարարությունը ծրագրվում է ավարտել 2019 թվականին: Մաքսիմ Օրեշկինը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճի ֆոնին սահմանային անցակետերի թվի ավելացման անհրաժեշտություն է ստեղծվել:  

«Այս սահմանային անցակետում վերակառուցման աշխատանքների ավարտից հետո մենք դիտարկելու ենք այլ անցակետերի բացման հնարավորությունը: Ամենակարևորն այն է, որ սահմանի երկու կողմերում ապրող մարդիկ, բեռնափոխադրումներով զբաղվող մարդիկ  սահմանը հատելիս այլևս դժվարություններ չունենան, սահմանի հերթերը վերանան և մարդիկ կարողանան առավելագույնս ազատ տեղաշարժվել»,-ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

Ռուսաստանի պատվիրակության Ադրբեջան այցի շրջանակներում Հաջիգաբուլի շրջանում կայացել է նաև «ԳԱԶ» և «Ազերմաշ» ընկերությունների կողմից համատեղ ստեղծվող գործարանի հիմնարկեքի արարողությունը:

«Գործարանը հիմնվելու է ռուսական տեխնոլոգիաներով: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 8 մլն դոլար: Գործարանի շինարարությունը կավարտվի մեկ ու կես տարի հետ՝ հաջորդ տարվա վերջերին: Այստեղ հավաքվելու է տարեկան 1000 ավտոմեքենա: Կբացվի 100 նոր աշխատատեղ: Գործարանում հավաքվող ավտոմեքենաների կեսը վաճառվելու է Ադրբեջանում, իսկ մնացածն արտահանվելու է»,-ասել է  Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը:

Այստեղ հավաքվելու են կոմերցիոն և հատուկ նշանակության ավտոմեքենաներ: Ադրբեջանում ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաների  հավաքման մասին հուշագիրը ստորագրվել է՝ «Գորկիի ավտոմոբիլային  գործարանի» և AzerMash  ընկերության միջև 2018 թվականի ապրիլին Բաքվում: 

 


Create Account



Log In Your Account