Jun 14 2019 13:43
Banovsha Shahaliyeva
Views: 48

Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, սակայն երկրի մարզերում ու գյուղերում վիճակը մնում է ծանր ու աղետալի: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, մտահոգիչ են նաև մարզային դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ պայմանները:

«Հայաստանի հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկման» հաշվետվության համաձայն՝ մարզային դպրոցներից շատերում  բացակայում են ճաշարանը, մարզադահլիճը, առանձնացված սանհանգույցներն ու հանդերձարանները, հանդիսությունների սրահը, գրադարանն ու լաբորատորիան: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը factor.am-ի թղթակգի հետ զրույցում նշել է.

«Դիտարկումներն իրականացվել են մարզային 50 դպրոցներում։ Յուրաքանչյուր մարզից 5 դպրոց է ներառվել, այդ թվում՝ ամենափոքր գյուղական դպրոցները՝ փոքրաթիվ աշակերտներով նկատի ունեմ»:

Կրթության ոլորտի փորձագետ, «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի» հիմնադիր, տնօրեն  Մարինա Գալստյանն էլ ընդգծել է- որ ուսումնասիրված 50 մարզային դպրոցներում գրեթե նույն խնդիրներն են հայտնաբերել։

«Հիմնական խոցելի կետերն են սանհանգույցի մաքրությունը, ճաշարանների վիճակը, բնագիտական առարկաների լաբորատորիաների թերհագեցվածությունը, գրադարաններում առկա ռեսուրսների քիչ օգտագործումը»:

 «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում  արված մեկ տարվա ուսումնասիրությունների համաձայն՝ ուսումնասիրված 50 մարզային դպրոցներից 38-ում հարակից տարածքի կանաչապատման,  22-ում՝ մուտքի թեքահարթաքկի, 25-ում՝ կոտրված ապակիների խնդիր կա։ 16 դպրոցում  կաթոցների հետքեր են առկա, իսկ 17-ում՝ բորբոսի հետքեր։ 10 դպրոցում բացակայում է  հանդիսությունների դահլիճը։ 32 դպրոցում էլ հանդերձարանները տղաների և աղջիկների համար առանձնացված չեն։ Դիտարկված դպրոցներից 17-ում   ճաշարան չկա կամ եղածը չի գործում։ Աշակերտների 16%-ը դժգոհ է սննդի թարմությունից, 13%-ն էլ՝ ճաշարանի մաքրությունից։ Ճաշարան ունեցող դպրոցներից 5-ում էլ աշակերտները բողոքում են տհաճ հոտից։ Հետազոտությանը մասնակցած դպրոցներում առավել մտահոգիչ խնդիրը սանհանգույցների մաքրությունը և չառանձնացված սանհանգույցների առկայությունն է։

Նշենք, որ մարզային դպրոցների նյութատեխնիկական ու սանիտարահիգիենիկ պայմանների մոնիթորինգն իրականացվել է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Բաց-հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից։


Create Account



Log In Your Account