Jun 25 2019 11:04
Banovsha Shahaliyeva
Views: 17

2015-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Էլեկտրիկ Երևան» ցույցերի մասնակիցների, լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններից 4 տարի անց գլխավոր մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, համոզված է «Էլեկտրիկ Երևանի» տուժող, լրագրող Թեհմինե Ենոքյանը: Անցած տարի մարտին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել էր հարուցված քրեական գործը՝ պատճառաբանությամբ, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Արդեն այս տարվա մարտին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումից հետո քրեական գործի վարույթը Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է։

«Փոխանակ նոր քրեական գործ հարուցվեր նաև քննիչի գործողությունների վերաբերյալ, այդ բողոքն էլ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, նույն քննիչի տիրույթում է գտնվում։ Հարց է առաջանում, թե քննիչն ինչպե՞ս է քննելու իր դեմ բողոքը կամ դիտարկելո՞ւ է իր գործողությունները 4 տարվա անգործություն, և Հատուկ քննչական ծառայությունում ինչպիսի՞ անաչառ քննություն են իրականացնելու ոչ միայն այս գործով, այլ նաև քննիչի գործողությունների վերաբերյալ», - նշել է Թեհմինե Ենոքյանը։

Ենոքյանը վստահ է, որ քննիչը 4 տարի շարունակ ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ բացահայտելու համար մեղավորներին։ Նա համոզված է, որ Հատուկ քննչական ծառայությունում ցանկություն չունեն բացահայտելու «Էլեկտրիկ Երևանի» գործը, քանի որ մտավախություն ունեն, որ որոշ գործող պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։

«Ներքին օղակներում, միջին օղակներում, ցածր օղակներում այն քննիչներն են, որոնք տարիներ շարունակ ծառայել են նախորդ ռեժիմին, և դժվար չէ պատկերացնել, որ իրենք իրենց դեմ չէին կարող գործողություններ իրականացնել», - ընդգծել է Ենոքյանը։

Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը նույն կարծիքին է։ «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագրի համար խիստ անհասկանալի է՝ հետհեղափոխական Հայաստանում քրեական գործի ընթացքը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների ժամանակ․

«Ուղղակի վստահ եմ, որ քաղաքական իշխանությունը կամ քաղաքական ղեկավարությունը կոնկրետ հրահանգ չի տվել լրագրողների գործերը փակելու: Դրա համար, կարծում եմ, արդեն մենք խնդիր ունենք ներքին օղակների հետ»:

Որ «Էլեկտրիկ Երևան»-ի գործով լուրջ տեղաշարժ չի լինելու, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեռ գործի մեկնարկի ժամանակ է համոզված եղել։ Նրա համար ի սկզբանե տեսանելի է եղել, որ Հատուկ քննչական ծառայությունն ու իշխանությունները շահագրգռված չեն եղել այդ գործը բացահայտելու․

«Տեսանյութերը, ֆոտոնկարները վկայում են, որ այդտեղ մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, մարդիկ էին՝ ոստիկաններ էին կամ քաղաքացիական հագուստով անձինք էին, որոնք գործում էին ոստիկանների հովանու ներքո: Փաստորեն էդ բռնությունները, վայրագությունները իրականացրեցին և փաստորեն մինչև այսօր այսօր պատասխանատվության չեն ենթարկվել»:

 

 


Create Account



Log In Your Account