Jun 29 2019 12:51
Banovsha Shahaliyeva
Views: 563

Բաքվում տեղի է ունեցել դասական երաժշտության սիրահարների համար երկար սպասված իրադարձություն: Հեյդար Ալիևի Կենտրոնում կայացել է «Ջուզեպպե Վերդի. Ռեքվիեմ» խորագրով դասական երաժշտության երեկո: 

Իտալացի աշխարհահռչակ երգահան Ջուզեպպե Վերդիի հայտնի «Ռեկվիեմ» ստեղծագործությունը հնչել է Ուզեյիր Հաջիբեյլիի անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Ադրբեջանի պետական խմբական կապելլայի, Վանո Սարաջիշվիլիի անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի նվագախմբի և Բաթումիի Պետական երաժշտական կենտրոնի կապելլայի կատարմամբ: Մենակատարի դերում հանդես են եկել 4 երկրներից՝ Ադրբեջանից, Գերմանիայից, Իտալիայից և Ռուսաստանից վոկալիստներ:  

«Մենք ընդամենը 2 փորձնական ելույթ ենք ունեցել: Մինչ այդ մենակատարները երբեք միասին չեն երգել: Կարծում եմ, ամեն ինչ ստացվեց: Մենք հաջող ելույթ ունեցանք»,-ասել է մենակատարուհի (ՌԴ) Ելենա Միխայլենկոն:

«Սա հոյակապ փորձ էր: Ես առաջին անգամ եմ Բաքվում և ուրախ եմ այստեղ ելույթ ունենալու հնարավորություն ստանալու համար: Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» արտասովոր ստեղծագործություն է: Այն համախմբում է մարդկանց»,-ասել է մենակատարուհի (Գերմանիա) Մարեյկե Յանկովսկին:

«Ես շատ ուրախ եմ գտնվել Ադրբեջանում և հանդես գալ ձեր հանդիսատեսների առջև: Այսօր նշանակալից իրադարձություն է, մենք ներկայացնում ենք իտալացի մեծ երգահան Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությունը: Նշեմ, որ ես ծանոթ եմ վոկալային արվեստի ադրբեջանցի ներկայացուցիչներին, որոնք այսօր մեծ հաջողությամբ հանդես են գալիս համաշխարհային ասպարեզում»,-ասել է մենակատար (Իտալիա) Անտոնիո Դի Մատեո: 

«Անշուշտ, ուրախալի է, որ  տարբեր երկրների վոկալիստները հանդես են գալիս նույն բեմում և ներկայացնում Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությունը: Չնայած ես Ադրբեջանում չեմ բնակվում, ձգտում եմ հնարավորինս հաճախ հանդես գալ հայրենիքում»,-ասել է մենակատար (Ադրբեջան) Ազեր Զադեն:

Վոկալիստների հոյակապ ձայնը արտացոլում էր զգացումների ողջ գամման, որով համակված է Վերդիի «Ռեքվիեմը»: Յալչըն Ադըգյոզալովի ղեկավարած նվագախմբի ելույթը անթերի էր:   

«Այս համերգը հոյակապ իրադարձություն էր մեր երկրի կյանքում: Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից է: Հուսով եմ, որ հանդիսատեսները դեռ երկար կհիշեն այս համերգը»,-ասել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Յալչին Ադըգյոզալովը:

 


Create Account



Log In Your Account