Jul 11 2019 14:24
Banovsha Shahaliyeva
Views: 26

Շարունակելով նախկինների քաղաքականությունը Հայաստանի նոր իշխանությունները երկիրը հասցրել են կործանման եզրին: Երկրի ոչ մի բնագավառում որևէ առաջընթաց ու դրական արդյունք չի գրանցվել, նոր աշխատատեղեր չեն բացվել՝ ընդհակառակը եղածներն էլ կրճատվել են:

Վաղուց Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հայտարարել «նոր Հայաստանում» հազարավոր կամ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Հայտարարելու տեսական հնարավորություն անգամ չկա, քանի որ նախկինում հայտարարված իբր 51 հազար աշխատատեղերի ստեղծման առասպելի տակից վիճակագրական կոմիտեն մինչ օրս չի կարողանում դուրս գալ,- գրում է yerevan.today-ը:

Հետո կայքը ավելացնում է՝ «Այն, որ վերոնշյալ 51 հազարը ամենևին էլ նոր աշխատատեղեր չեն, անգամ իշխանական շրջանակներն են փաստում։ Մինչ օրս չի նշվել, թե կոնկրետ ո՞ր ոլորտներից, որքա՞ն աշխատատեղ է դուրս բերվել ստվերից։ Հետեւաբար, 51 հազարը ոչ այլ ինչ էր, քան օդից բերված ցուցանիշ՝ նախատեսված այն զանգվածի համար, որոնք առանձնապես չեն հասկանում թվային ցուցանիշներից և «ժողովրդի վարչապետի» խոսքին հավատում են անվերապահորեն։ Մինչդեռ, թե ստեղծված աշխատատեղերի թվի, թե գործազրկության մակարդակի վերաբերյալ իրական պատկերը միանգամայն այլ է, ինչն անգամ վիճակագրական կոմիտեն է հարկադրված արձանագրել։

Աշխատուժի վերաբերյալ վիճկոմի հետազոտության համաձայն, 2019 թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ընդհանուր բնակչության (աշխատանքային ռեսուրսների) մեջ զբաղվածների ցուցանիշը նվազել է՝ կազմելով 43,8 տոկոս անցած տարվա 44 տոկոսի համեմատ։ Դա էլ նշանակում է, որ բարձրացել է գործազուրկների թիվը։ Սա ապացուցում է Նիկոլ Փաշինյանի «տնտեսական հեղափոխության», «թռիչքաձև զարգացման», «51 հազար աշխատատեղերի ստեղծման» և նմանատիպ այլ հայտարարությունների բացահայտ սուտ լինելը, եզրափակում է yerevan.today-ը:

Նշենք, որ նոր Հայաստանում օրեցօր երկրի քաղաքացիները գրանցում են նորանոր թանկացումներ: «Եթե փոքրիկ հարցախույզ անցկացվի փողոցում, ապա  քաղաքացիների մեծ մասը կվկայի, որ ապրելու պայմաններն այս տարի ավելի դժվար են, քան նախորդ տարի էր»,- գրում է 168.am-ը: Հետո կայքն ավելացնում է. «Ինչպես սովորաբար լինում է, թանկանում են հիմնականում այն ապրանքները, որոնք ավելի հաճախ են սպառվում։ Խոսքը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների և, հատկապես՝ սննդամթերքի առանձին տեսակների մասին է։ Ասենք` կարտոֆիլը, կաղամբը, լոլիկը, վարունգը թանկացել է, բազմաթիվ այլ գյուղմթերքներ էլ են թանկացել։ Հիմա ի՞նչ ուտեն աղքատները: Մարդկանց եկամուտները շատ ավելի դանդաղ են աճում, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

Այս առումով իշխանափոխությունից հետո շատ բան չի փոխվել։ Ու որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, թե աշխատավարձերը բազմաթիվ ոլորտներում 10 տոկոսով, 20 տոկոսով բարձրացել են, այնուհանդերձ փաստն այն է, որ այդ բարձրացումն այնքան չէ, որ էական ազդեցություն ունենա սոցիալական վիճակի վրա։ Այս պայմաններում ավելորդ է խոսել մարդկանց կյանքի որակի բարելավման մասին։ Իշխանափոխությունը չտվեց այն, ինչ ակնկալվում էր, ինչին մարդիկ հույսով ու հավատով սպասում էին։ Այսօր Հայաստանում առնվազն 200 հազար աշխատունակ քաղաքացի գործազուրկ է, աշխատավարձ չի ստանում, եկամուտ չի ունենում։

Աշխատատեղերի խնդիրը Հայաստանում շատ սուր է դրված։ Այս առումով թավշյա հեղափոխություն ասվածը ոչ միայն չփոխեց իրավիճակը, այլև մի բան էլ խորացրեց։ Ընդհակառակը` քաղաքական իշխանության թեթև ձեռքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում։ Հիշենք նույն Ամուլսարը կամ Թեղուտը. նախկին աշխատակիցները հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված են լքել երկիրը` աշխատանք գտնելու հեռանկարով։

Բացի այն, որ Հայաստանում չափազանց բարձր է գործազրկության մակարդակը, ու բազմաթիվ քաղաքացիներ աշխատանք չունեն, կա նաև հասարակության մի մեծ զանգված, որի եկամուտները կապված չեն ո՛չ աշխատատեղերի, և ո՛չ էլ աշխատավարձերի հետ։ Խոսքը  թոշակառուների մասին է, որոնց թիվն անցնում է 500 հազարից։ Վերջին առնվազն երեք տարիներին Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Այնպես որ, անգամ չնչին գնաճը ենթադրում է, որ հասարակության այս խավի սոցիալական վիճակը պիտի վատանա։ Նույնն է նաև այն տասնյակ-հազարավոր անապահով ընտանիքների դեպքում, ովքեր հազիվ գոյատևում են սոցիալական չնչին նպաստների հաշվին,- եզրափակում է:


Create Account



Log In Your Account