Aug 14 2019 11:38
Banovsha Shahaliyeva
Views: 60

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մեկը մյուսին հաջորդող քրեական գործեր հարուցվեցին, որոնց շրջանակում մի շարք նախկին բարձրաստիճան այրերի կամ նրանց հարազատների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Factor.am-ը վերհիշել է, թե անցած տարվանից սկսած՝ հետախուզվողներից ում են իրավապահ մարմինները կարողացել հայտնաբերել։ Եվ այսպես՝ 2018 թվականի հուլիսին հետախուզում հայտարարվեց 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ մեղադրվող Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա գտնվում է Ռուսաստանում, և որ պաշտոնական Մոսկվան չի պատրաստվում Հարությունյանին արտահանձնել, քանի որ նա ՌԴ քաղաքացի է։ Արդեն 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ապացույցներ կեղծելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, որը դատարանի որոշմամբ վերացվեց, նա, սակայն, շարունակում է գտնվել հետախուզման մեջ։ 2018-ի դեկտեմբերի 3-ին մեղադրանք առաջադրվեց բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Խոսքը 14 միլիոն դոլարի մասին է։ Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է: Իրավապահներին չի հաջողվում գտնել նախկին նախարարին։ 2018-ի հոկտեմբերից հետախուզման մեջ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Նա մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Սարգսյանը ՀՀ սահմանը հատել էր այն ժամանակ, երբ դեռ իրեն մեղադրանք առաջադրված չէր։ Նրա տեղը ևս իրավապահները չգիտեն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Լևոն Սարգսյանն արաբական երկրներին մեկում է։ Անցած տարվա հուլիսից հետախուզման մեջ էր նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու, կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու հատկանիշներով։ Նրան իրավապահները հայտնաբերեցին Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Նա, սակայն, մինչ օրս չի արտահանձնվել հայկական կողմին։ Դատախազությունից տեղեկացնում են, որ արտահանձնման գործընթացը շարունակվում է։ Մինչդեռ մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Սարգսյանը հայկական կողմին չի վերադարձվելու։ Սերժ Սարգսյանի հետախուզվող մտերիմների ցանկում է նաև նրա խնամին։ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, որպես մեղադրյալ անցնում է փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու գործով։ Նրա նկատմամբ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետախուզում էր հայտարարվել, որն արդեն այս տարի դատարանի որոշմամբ կասեցվել է։ 2019-ի փետրվարից հետախուզվողների շարքերը լրացրեց ԱԺ նախկին պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի որդիներից Արման Գրիգորյանը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր արժողությամբ գույքի յուրացման համար։ 2019 թվականի ապրիլի 15-ին օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ և հայտարարվեց հետախուզում։ Փաստորեն մեկ տարի շարունակ հետախուզվողների մեծ մասի գտնվելու վայրն իրավապահները պարզել չեն կարողանում, իսկ երկու հայտնաբերվածները դեռևս չեն արտահանձնվել հայկական կողմին։


Create Account



Log In Your Account