Aug 19 2019 11:24
Gulyaz Shirinova
Views: 31

Հայաստանում Հեղափոխությունից հետո հարուցված աղմկահարույց քրեական գործերով անցնող անձանց մեծ մասը կարճ ժամանակ անց գրավի դիմաց հայտնվեց ազատության մեջ։ Factor.am-ը վերհիշել է, թե ովքեր որքան գրավի դիմաց են կալանքից ազատվել և ինչ զարգացում ունեցան հարուցված քրեական գործերը։ 2018 թվականի հուլիսի 5-ին մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նա մեղադրվում է առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար։ Գործը նախաքննության փուլում է։ Առավել աղմկահարույցներից էր   Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ազատ արձակումը։ Նա ազատ արձակվելու համար 2018-ի հուլիսի 24-ին վճարեց ՀՀ-ում գրանցված ամենամեծ գրավի չափը խոսքը 1 միլիարդ դրամի մասին է։ Ղազարյանը մեղադրվում է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար։ Այս գործով նախաքննությունը շարունակվում է։ 2018-ի հուլիսի 28-ին 5 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ 2018 թվականի նոյեմբերի երկուսին նրան ՀՀ-ի միջնորդությամբ ազատեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Խաչատուրովի գործը ևս դատաքննության փուլում է։ Շուրջ մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո 2018 թվականի օգոստոսին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության նախկին պետ Էդուարդ Բաբայանը։ ԲՀԿ-ական ներկայիս պատգամավորը մեղադրվում էր «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Այս գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովին էլ վերջերս մեղադրանք առաջադրվեց սուտ ցուցմունք տալու համար։ 2018-ի սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին՝  Հայկ Սարգսյանը։ Նա մեղադրվում է սպանության փորձի մեջ։ 2018 սեպտեմբերի 17-ին 5 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց Մասիսի ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։  Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։ Աղմկահարույց էր նաև 2018-ի դեկտեմբերի 21-ին 25 միլիոն գրավի դիմաց դեռևս հունիսից կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը ազատումը:   Նա  մեղադրվում է քրեական օրենսգրքի 6 հոդվածներով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար։ Գրիգորյանին գրավով ազատ արձակվելու որոշմանը օրեր շարունակ հետևեցին բողոքի ակցիաներ նրան կրկին կալանավորելու պահանջով։ Ի վերջո՝ հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանվորվեց նա շարունակում է մնալ անազատության մեջ։ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին՝  շուրջ երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը։ Նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։ 2019 թվականի մայիսի 4-ին 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։  Ըստ ՊԵԿ-ի ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափը կազմում է շուրջ 10 մլրդ դրամ: Այս գործով նախաքննությունը շարունակվում է։ 2019 թվականի հուլիսի 9-ին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը։ Դավթյանը անազատության մեջ էր գտնվում ապրիլից. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վերոհիշյալ դեպքերով խափանման միջոց գրավի դիմաց վճարվել է 2 միլիարդ 201 միլիոն դրամ գումար։ Ըստ քրեական դատավարության օրենսգրքի եթե անձը խախտում է ազատության մեջ մնալու պայմանները՝ այսինքն թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ` առանց թույլտվության մեկնում այլ տեղանք, գումարը մնում է պետությանը, եթե ոչ ապա վերադարձվում է գրավատուին։
 


Create Account



Log In Your Account