Aug 28 2019 10:58
Gulyaz Shirinova
Views: 291

Հայաստանի Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություններ Դիլիջանում, Բյուրեղավանում և երկուսը Գյումրիում, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Այս որոշման նախագիծը դեռ կառավարությունում չի հաստատվել, սակայն գիշերօթիկները ստացել են ծանուցումներ ու հորդոր՝ նոր ուսումնական տարուց երեխաների չընդունել: Չորս գիշերօթիկներում խնամվում է 260 երեխա:
Մի քանի օրից գիշերօթիկների տարեշրջանը բացվում է, և նախարարության այս նորությունը տագնապի է մատնել թե՛ խնամքի հաստատությունների կոլեկտիվներին ու թե՛ ծնողներին:

«Ոչ մի բան չի արել պետությունը ինձ: Իսկ երբ որ երեխաները գնում են գիշերօթիկ, գոնե ես ապահով եմ, որ քնելու, մնալու տեղ ունեն»: 

Գյումրեցի Նվարդ Եսայանը հինգ երեխաների միայնակ մայր է, երկուսը շաբաթվա հինգ օրը խնամվում են Գյումրու թիվ 1 գիշերօթիկում: Նա պնդում է, որ որևէ սոցիալական ծառայող իրեն չի այցելել, իր խնդիրները չի ֆիքսել․

 Եսայանն ասում է, թե ինքը վատ մայր չի, պարզապես երեխաներին խնամելու պայմաններ չունի: Քանի դեռ այս վիճակում է, չի պատկերացնում թե գիշերօթիկում սնվող ու խնամք ստացող երեխաներին ինչպես է պահելու: Գյումրու գիշերօթիկում պատմում են, թե շաբաթ-կիրակին տանն անցկացնող երեխաները ինչ վիճակում են գիշերօթիկ վերադառնում՝ չլողացած, վառարանից այրվածքներով, թերսնված:
«Էդ երեխան մեզանից միլիոն տարի առաջվա կենցաղով է ապրում: 21-րդ դարում այդպիսի ընտանիքնե՞ր, գոմին կից կառույցներում ապրող ընտանիքնե՞ր»:

Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկի սոցիալական աշխատող Ալինա Ադամյանը վստահ է՝ իրենց մոտ խնամվող 63 երեխաներից քչերը կարող են տուն վերադառնալ, մնացածը եթե գիշերօթիկը փակվի, կմնան փողոցում՝ փայտ, շիշ հավաքելիս կամ մուրացկանություն անելիս:

«Թող միանան մեզ, ցանկացած 63 ընտանիքից իրենք ընտրեն ընտանիք, մենք այցելենք իրենց ընտանիքները: Եթե կա մի ընտանիք, որը կկարողանա սեփական ուժերով և ՀԿ-ների աջակցությամբ պահել երեխաներին, թող փակեն, լուծարեն», - առաջարկեց Ադամյանը:

Աշխատակազմն ասում է, որ իրենք էլ հասկանում են, որ երեխայի համար ավելի լավ է սեփական ընտանիքում: Բայց քանի դեռ  ընտանիքներն այս վիճակում են...

 Փակմանը դեմ չենք, բայց սեպտեմբերից օրեր առաջ այս հապճեպությունն ո՞ւր կտանի երեխաներին․ հարցնում են գիշերօթիկում: Ի դեպ, մարզեր են հասել երևակայական տեղեկություններ, թե գիշերօթիկներից երեխաներին խնամատար ընտանիքներ են տանում և ծնողներից շատերը վախերի մեջ են ընկել:

 


Create Account



Log In Your Account