Sep 10 2019 13:01
Banovsha Shahaliyeva
Views: 16

Հայաստանում իշխանափոխությունից նույնիսկ մեկուկես  տարի անց  այդ երկրում չի վերականգնվում կայունությունը, ներքին լարվածությունը չի հանդարտվում: Լրագրողների հետ զրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին Հրանուշ Խառատյանը հայտարարել է, որ եթե իշխանությունը շարունակի Ամուլսարի պրոցեսը, զանգվածային ըմբոստացում կլինի․

«Ամուլսարը, կարծես թե իշխանության համար դժվար կուլ տալու խնդիր դարձավ: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Հասարակության շատ մեծ հատված հասկացավ, թե ինչ տագնապ է Ամուլսարը: Նույնիսկ «Էլարդ»-ի հետ տեսակոնֆերանսը շատ հստակ շեշտադրումները տեղը դրեց: Այն առաջին հերթին հենց Հայաստանի հասարակությանը ցույց տվեց, թե որքան խախուտ է կառուցված Ամուլսարի հանքահանության ծրագիրը և ինչ աստիճանի վտանգներ կարող է պարունակել այդ գործընթացը»:

Հրանուշ Խառատյանը վստահ է, որ եթե իշխանությունը շարունակի Ամուլսարի հետ կապված գործընթացը, նրա դեմ լուրջ, զանգվածային ըմբոստացում կլինի.

«Եթե հենց հիմա  իշխանությունը շարունակի այս պրոցեսը նրա դեմ լուրջ, զանգվածային ըմբոստացում կլինի: Իշխանության միջին և վերին օղակներում շարունակում են իշխել մարդիկ, որոնք հիանալի փորձ ունեն, շահերի համար երկրի ռեսուրսները ծառայեցնելը շարունակելու»:

Նշենք, որ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի վերաբերյալ ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին նշել է.  «Այլևս ըստ էության` հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ` հայ ժողովրդի կամքին հակառակ որոշում պարտադրելով:
Շնորհիվ փաշինյանապաշտների ֆանատիզմի և նրանց կռապաշտական փառաբանումների` իրականությունից անչափ կտրված այս մարդը այլևս անցնում է Ռուբիկոնը Ամուլսարի և ժողովրդական վստահության հարցում:
Այսօրվա նրա ուղերձն Ամուլսարի հարցով` վիրավորանք է ոչ միայն ժողովրդին` այլև ապտակ և անարգանք: Անարգանք այն մարդկանց, որ իրեն պատվիրել են կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում և թույլ չտալ Ամուլսարի հանքի բացումը և միայն այդ ընդգրկուն առաքելությունն իրականացնելու համար է, որ նրան վստահության մանդատ է տրվել և ոչ սեփական և անընդունելի որոշումները պարտադրելու իրեն իշխանություն նվիրած ժողովրդին:
Սուտն ու կեղծիքը պետք է չհանդուրժվեն այլևս Հայաստանում: Երկրակործան այս ծրագիրը վիրավորական ստերով այս ժողովուրդը չի հանդուրժելու»,- եզրափակել է Հայկ Մարտիրոսյանը:


Create Account



Log In Your Account