Sep 12 2019 13:32
Banovsha Shahaliyeva
Views: 307

Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաներն էլ հաջորդում են մեկը մյուսին: Կառավարության շենքի դիմաց անցկացվել է  Ամուլսարի հանքի շահագործման դեմ քաղաքացիների բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել իր պաշտոնավարման ընթացքի ամենակոպիտ սխալը՝ դրական գնահատական տալով Ամուլսարի հանքի շահագործմանը։ Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երկու հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ որոշումների կայացում և վիճակագրական մանիպուլյացիա։

Ամուլսարն ահա այս երկու մոտեցումների հետևանքն է, որը մերկացնում է կառավորող թիմի գաղափարական սնանկությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը։ Եվ հետաքրքիրն այն է, որ որոշումն այդ բացատրվում է պետական հավասարակշիռ շահով և չարյաց փոքրագույնը ընտրելու անհրաժեշտությամբ: Կարծես թե մենք ՝ որպես երրորդ աշխարհի հետամնաց երկիր, դատապարտված ենք անընդհատ ցավոտ որոշումներ կայացնել։ Խնդիրը վարչապետի ու նրա թիմի քաղաքական հայացքի մեջ է, ի՞նչ պատկեր են նրանք տեսնում՝ ամբողջական խճանկա՞րը, թե՞ դրա առանձին ու փոքրիկ հատվածները։ Եթե հայացքը հատվածային է, ապա Ամուլսարն անշուշտ շահագործվելու է՝ կանաչ լույս վառելով հանքերի էլ ավելի բազմացման համար։ Իսկ եթե վարչապետը տեսնում է ամբողջ խճանկարը, ապա նա առնվազն պետք է արձանագրի հետևյալը․ հանքարդյունաբերությունը Հայաստանում հեռանկար չունեցող ոլորտ է, և կառավարությունը չի կարող շարժվել Հայաստանը մեծ հանքի վերածելու ճանապարհով։ Այլ խոսքով՝ թույլ չտալ, որ տնտեսությունը շարունակի կառչած մնալ հանքարդյունաբերությունից, քանի որ Հայաստանը հանքային ասեղի վրա նստելու ռեսուրսներ չունի։ Իրականում ցավոտ ռեֆորմը հենց սա է, այլ ոչ թե ինչ-որ հանքի շահագործման թույլտվություն տալը,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:


Create Account



Log In Your Account