Sep 13 2019 12:21
Banovsha Shahaliyeva
Views: 293

Հայաստանում շատանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և նրա ղեկավարած կառավարության հանդեպ դժգոհությունը: Հիշեցնենք, որ վերջերս Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել   հայտարարություններով, ինչը մեծ զայրույթ է առաջացրել քաղաքական գործիչների և քաղաքացիների շրջանում:

«Իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձևերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար,- գրում է «Փաստ»-ը:

Ավելին՝ խոսակցություններ կան, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երևան» դառնալու համար։ Առաջիկա օրերին սպասվում են ավելի զանգվածային ցույցեր, որոնց իրենց մասնակցությունը կբերեն նաև մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ շոուբիզնեսից։ Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած երթի ժամանակ ցուցարարները իրենց վանկարկումների մեջ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»,- եզրափակում է «Փաստ»-ը:

1in.am-ն էլ գրում է. «Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ցույց է տալիս, որ Ամուլսարի հարցող վերջնական որոշում կայացնելու համար ուսումնասիրում է բոլոր կողմերի կարծիքները, պնդումները, սակայն ակնհայտ է, որ նա վերջնականապես կողմնորոշվել է Ամուլսարի հարցում։

Դրա վառ վկայությունը վարչապետի կողմից կատարված գրառումն էր Թեղուտի հանքի պոչամբարի մասով: Փաշինյանը հիշել է, որ հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել:

Հայկական բնապահպանական ճակատն արդեն իսկ արձագանքել է վարչապետի գրառմանը։ «Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեր հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։

Նշենք, որ մեկուկես տարի առաջ  Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն էլ չլավացրեց մարդկանց կյանքը՝ աղքատներն ավելի աղքատացան, գործազուրկների թիվն էլ հասել է ռեկորդային մակարդակի: Ծանր պայմաններում են ապրում գյումրեցիները, ովքեր երկար տարիներ  տառապում են ոչ միայն տնակներում ապրելուց, այլև գործազրկությունից:  Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ գործազրկության ցուցանիշով Գյումրին  տասնամյակներ շարունակ առաջատար դիրքերում է: Այս տարի ևս բացառություն չէ՝ առաջին տեղից իր դիրքը ոչ մի քաղաքի չի զիջել: Վերջին տարիներին գործատուն ու աշխատանք փնտրողն իրար գտնում են աշխատանքի տոնավաճառում: Այս տարի մարզի 36 գործատու 380 թափուր աշխատատեղ է առաջարկում գործազուրկներին: Իսկ աշխատանք փնտրողների թիվը, պաշտոնական տվյալներով, շուրջ 40 անգամ մեծ է թափուր աշխատատեղերի թվից։

Գյումրեցիները «Ազատության» հետ զրույցում բողոքել են, որ Գյումրիում աշխատանք գտնելը դժվար է: Գործազուրկը տաղավարից տաղավար է շրջում փորձում գտնել այն աշխատանքը, որին կհամապատասխանի իր մասնագիտական հմտությունները: Շատերն այդպես էլ հարմար աշխատանք չեն գտնում:

«Երեք տարի զբաղվածության կենտրոնում գրանցված էի, պահակի գործ էի փնտրում, չկա, նորից ման եմ գալիս։ Գոնե մի գործ ճարեմ, որ կարանանք ապրենք», - բողոքել է մեկ այլ գյումրեցի։  Հարկ է նշել, որ վերջերս Գյումրիի «Սաստեքս» ընկերությունում աշխատակիցների բողոքից պարզ է դարձել, որ գործատուները շատ հաճախ նույնիսկ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը չեն վճարում աշխատակիցներին:


Create Account



Log In Your Account