Oct 07 2019 12:35
Banovsha Shahaliyeva
Views: 321

Հայաստանը ինչպես միշտ դոփում է տեղում, այդ երկրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք էլ ոչ մի էական ու դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել: 

Կառավարությունը ներկայացրել է 2020թ. պետական բյուջեի նախագիծը։ Այն հաջորդ տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է, որն արտացոլում է կառավարության տնտեսական ու ֆինանսական սպասումները,- գրում է 168.am-ը:

Այդ փաստաթուղթը հասարակ քաղաքացուն սովորաբար հետաքրքրում է այնքանով, թե կառավարությունը որքանով է պատրաստվում բարելավել իր սոցիալական վիճակը։ Հատկապես՝ իշխանափոխությունից հետո, որը խոստանում էր կտրուկ բարելավել մարդկանց կյանքի պայմանները։

Ի սկզբանե ասենք, որ այս անգամ ևս ստիպված ենք հիասթափեցնել` 2020թ. բյուջեն հասարակությանը ոգևորվելու շատ առիթներ չի տալիս։ Այն հեղափոխական փոփոխություններ չի նախատեսում՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ հասարակության սոցիալական կյանքում։

Դատելով ներկայացված նախագծից` սոցիալական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ նույնքան լարված, որքան նախկինում։ Իշխանափոխությանը հաջորդած երրորդ բյուջետային տարում կառավարությունը չի նախատեսում աշխատավարձերի բարձրացում։ Եվ դա՝ այն դեպքում, երբ 2020թ. դարձյալ վերադառնում ենք կենսաթոշակային վճարների նախկին հարաբերակցությանը։ Դրա հետևանքով ծանրանալու է աշխատողների հարկային բեռը։ Նրանք ստիպված են լինելու աշխատավարձից ավելի շատ մասհանումներ անել կենսաթոշակային ֆոնդերին։

Առավել ևս, եթե հաշվի առնենք նաև գնաճը։ Խոսքը ոչ թե միջին գնաճի, այլ լայն սպառման ապրանքների և հատկապես սննդամթերքի գնաճի մասին է, որն անհամեմատ ավելի բարձր է։ Հիշեցնենք, որ հաջորդ տարվա սկզբից, պայմանավորված՝ ինչպես հարկային օրենսդրության փոփոխություններով, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակներում մի քանի հարյուր անվանումով ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ, սպասվում է գնաճային ճնշման ուժեղացում։

Սպասումները մեծ չեն նաև տնտեսությունից։ 2020թ. տնտեսական աճի սպասումը ցածր է նաև 2018թ. համեմատ։ Տնտեսական աճի այն ցուցանիշը, որը կառավարությունը ներկայացրել է հաջորդ տարվա համար, շատ հեռու է թռիչքային լինելուց։ Առաջին տպավորությունն այն է, որ հասարակության սոցիալական կյանքում խոստացված հեղափոխական փոփոխությունները կրկին չեն լինելու։ Հասարակության այն հատվածը, որ լուրջ ակնկալիքներ ուներ իշխանափոխությունից, կշարունակի ապրել այնպես, ինչպես մինչ այդ,- եզրափակում է  168.am-ը:

Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում հանրային ակտիվ քննարկման առարկա է դարձել երկիր մատակարարվող ռուսական գազի գինը: Սակայն թե որքա՞ն կվճարի գազի դիմաց հայաստանցի սպառողը՝ այս հարցը պատասխան չստացավ նույնիսկ Երևանում օրերս կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։ Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը այս տարվա հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել է՝ 150 դոլարից հասնելով 165-ի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հաշվարկներով՝ մեկ տարվա կտրվածքով «Գազպրոմ Արմենիան» կկուտակի 30 միլիոն դոլարի պարտք։ Պարբերաբար տեղեկատվական արտահոսք է արվում, թե ռուսական կողմը մտադիր է 30%-ով գին բարձրացնել։ Այդպիսով, ըստ տնտեսագետի, փորձ է արվում ճշտել հայկական կողմի տրամադրությունները։

«Հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել է մեզ համար գազի գինը, և եթե մենք սակագինը չվերանայենք ձմռան ամիսների համար, այդ պարտքը կուտակվելու է։ Ըստ էության՝ ռումբը մեծացնում ենք, պատրույգը՝ երկարացնում։ Սա լուծում չէ, մենք պետք է հունվարի 1-ից իմանանք մեր սակագինը, ոչ թե պահենք այս գործընթացը, և ժողովրդին սա ներկայացնենք որպես հաղթանակ»,-ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Եթե բանակցությունների վերջնարդյունքում Ռուսաստանը գազային մահակն օգտագործի դաշնակից Հայաստանի դեմ, տնտեսության կորուստները լինելու են զգալի»,- նշել  է Սուրեն Պարսյանը:


Create Account



Log In Your Account