Oct 08 2019 14:22
Banovsha Shahaliyeva
Views: 20

Հայաստանը տնտեսական իրավիճակն ու սոցիալական կյանքը իշխանափոխությունից հետո էլ  ոչնչով չի լավացել, պարտքերն էլ հասել են ռեկորդային չափերի:

Քանի դեռ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է՝ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, պետական պարտքը շարունակում է աճել,- գրում է hetq.am-ը: Դրան զուգահեռ տարեցտարի ավելանում են բյուջեից այդ պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները։ Արդյունքում այսօր Հայաստանը ստիպված է պարտքի տոկոսները մարելուն ավելի շատ գումար հատկացնել, քան առողջապահության ոլորտին, կրթությանն ու բազմաթիվ այլ ոլորտների։

2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 7 միլիարդ 430 միլիոն դոլար, կամ ՀՆԱ-ի 53.9 %-ը։ Իսկ 2020 թվականի տարեվերջին այն կկազմի  7 միլիարդ 780 միլիոն դոլար, կամ ՀՆԱ-ի 52.2 %-ը: Այս մասին նշված է Կառավարության բյուջետային ուղերձում, որը ներկայացվել է բյուջեի նախագծին կից։

Ըստ Կառավարության` Հայաստանի արտաքին պետական պարտքը 2020 թվականի վերջում կկազմի 5 միլիարդ 857  միլիոն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1 միլիարդ 923 միլիոն դոլար։ 2020 թվականին նախատեսվում է արտաքին պարտքի գծով 456 մլն դոլարի վարկ ներգրավել, որը 2019 թվականի համեմատ ցածր է։ 2019-ի ցուցանիշը բավականին բարձր է և շեղված բյուջեում նախապես արձանագրված կանխատեսումներից, քանի որ վերջերս Կառավարությունը 500 մլն դոլարի նոր արտաքին պարտք ներգրավեց՝ թողարկելով եվրապարտատոմսեր։

Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական պարտքի փոքր մասն է բաժին ընկնում Կենտրոնական բանկին, իսկ գերակշիռ մասը Կառավարության պարտքն է։ 2020 թվականի տարեվերջի դրությամբ Կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի 39.4 %-ը բաժին կընկնի Համաշխարհային բանկին: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը վերջին տարիներին Հայաստանի խոշորագույն վարկատուն է։   2020 թվականին Կառավարության պարտքի սպասարկման համար պետական բյուջեից  կծախսվի 169.2 մլրդ դրամը: Շեշտենք, որ այս ցուցանիշը ներառում է միայն Կառավարության պարտքի գծով տոկոսավճարները։ Սպասարկում ասելով՝ պետք է հասկանալ միայն տոկոսագումարների մարումները, իսկ մայր գումարի մարմանը հատկացվում են առանձին միջոցներ։ Պետական պարտքի մարման ու սպասարկման գծով ամեն տարի Հայաստանի պետական բյուջեից էական գումարներ են հատկացվում։ Եվ պարտքի աճին զուգահեռ տարիների ընթացքում ծանրացել է նաև մարման ու սպասարկման բեռը։ Համեմատության համար նշենք, որ կանխատեսվում է՝ 2019 թվականի վերջին պետական պարտքի տոկոսավճարների գումարը կկազմի 160.2 մլրդ դրամ, իսկ 2018-ին այն կազմել է 139 մլրդ դրամ։ Նաև նկատելի է, որ 2020 թվականին, ի տարբերություն նախորդ տարիների, պարտքի սպասարկմանն ուղղվող գումարների աճն ավելի մեղմ է։ Չնայած դրան, ըստ կանխատեսումների, Կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը աճելու է՝ կազմելով 5.2 %: 2020-ին կանխատեսվող 169.2 մլրդ դրամից 85.6 մլրդ դրամն ուղղվելու է ներքին պետական պարտքի տոկոսավճարներին, իսկ 83.6 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի։ Եվ, ահա, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սեպտեմբերին թողարկել է 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր և դրանով փակում է 2020-ին նախանշված պարտավորությունը։ Այսինքն՝ նոր պարտքով փակվել է հին պարտքը,- եզրափակում է hetq.am-ը:


Create Account



Log In Your Account