Oct 17 2019 16:13
Banovsha Shahaliyeva
Views: 28

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չունեցավ: Տեղի չի ունենա նաև հաջորդ տարի,- գրում է 168․am-ը:

Այդ մասին ասված է կառավարության ներկայացրած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլև ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագրված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասումներն են:

Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի: Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը:

Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,9 տոկոս:

Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել: Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում: Նույնպիսի կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը:

Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել ևս՝ սոցիալական իրավիճակի փոփոխության և մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով:

Որպեսզի հասարակությունը զգա տնտեսական աճի ազդեցությունը, անհրաժեշտ է, որ այն անհամեմատ ավելի բարձր լինի և, կարևորը՝ որակյալ: Այնինչ, Հայաստանի տնտեսության աճը որակ չունի:

Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում: Ընդհակառակը՝ մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպերը նույնիսկ կնվազի,- եզրափակում է 168.am-ը։


Create Account



Log In Your Account