Nov 04 2019 12:04
Banovsha Shahaliyeva
Views: 322

Հայաստանը ռուսական ռազմական բազայի գործունեությունը վերահսկելու և մշտադիտարկում իրականացնելու որևէ մեխանիզմ չունի: Նման կարծիքի է հանգել «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի համահեղինակ Արթուր Սաքունցը:

«Չի արձանագրված մեխանիզմ, եթե, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ ունեն և այլն, բայց բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հասկանալի չեն, ընկալելի չեն այդ վերահսկողության մեխանիզմները», - հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով զեկույցը: Այս ուսումնասիրությունն իրականացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի աջակցությամբ: Զեկույցում, մասնավորապես, ներկայացված են Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամանակագրությունը, ռազմաբազայի վերաբերյալ երկու երկրների միջև կնքված բոլոր փաստաթղթերը, բազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերի նկարագրությունը, օտարերկրյա ռազմական ներկայության ու մարդու իրավունքների միջև փոխհարաբերությունները։ Ըստ ուսումնասիրության, 1992 թվականից սկսած Հայաստանի ու Ռուսաստանի միջև 20 փաստաթուղթ է կնքվել։ Ռուսական ռազմաբազայի գործունեությունը վերահսկելու մեխանիզմի բացակայության մասին խոսելիս Հայաստանում հիշում են ռուս զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած բացասական միջադեպերի մասին: 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի 57 ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Հետագայում պարզվեց, որ նա փողոցում դաժան ծեծի է ենթարկվել 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից: Ջուլիետա Ղուկասյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացավ: Նշենք, որ սա միակ նման դեպքը չէ: 1999 թվականի ապրիլին ռուսական ռազմակայանի երկու հարբած ռուս զինծառայողներ ավտոմատներով դուրս են եկել քաղաք և սկսել անկանոն կրակել մարդկանց ու տների վրա: Այդ անկանոն կրակահերթի հետևանքով ծանր վիրավորվել էր մեկ տասնյակ մարդ, երկու մարդ զոհվել էր: Իսկ ամենաաղմկոտ դեպքը 2015 թվականի հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանությունն էր: 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանորեն սպանեց այդ ընտանիքի բոլոր 7 անդամներին, այդ թվում՝ մանկահասակ երեխաներին: 2016 թվականի օգոստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց: Իսկ 1 տարի դրանից առաջ ռուսական կայազորային դատարանը նրան մեղավոր էր ճանաչել դասալքության և զենքի հափշտակման մեջ՝ դատապարտվելով 10 տարի ազատազրկման: Ռուսական կողմի պահանջով՝ Ավետիսյանների ընտանիքին սպանած զինծառայողի դատավարությունն անցավ ռուսական ռազմակայանի տարածքում: Հայաստանում մարդիկ հաճախ են դուրս գալիս փողոց՝ պահանջելով երկրի տարածքից դուրս բերել ռուսական ռազմաբազան:


Create Account



Log In Your Account