Mar 19 2020 12:18
Banovsha Shahaliyeva
Views: 340

Չինաստանում սկիզբ առած և շատ երկրներում տարածված նոր տիպի կորոնավիրուսը, որը չի շրջանցել նաև Հայաստանը,  ուժգին հարված է հասցրել  ինչպես այդ երկրների, այնպես էլ Հայաստանի առանց այն էլ  թույլ տնտեսությանը:

Yerevan.today-ը գրում է. «Հայաստանում տնտեսական վիճակը էլ ավելի  է վատացել: Կորոնավիրուսը տարածվեց Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ հետևանքների է սա բերելու։

Ընդհանուր տնտեսական ակտիվությունը նվազել է։ Առևտրի ոլորտում շրջանառությունը՝ նույնպես։ Դա բերելու է այդ ոլորտում ընդգրկված տասնյակ հազարավոր առևտրականների եկամուտների նվազմանը և նրանց մի մասի գործունեության դադարեցմանը։ Առանց այն էլ ավելի քան մեկ տարի է, ինչ այս ոլորտում եկամտաբերությունն ընկած էր։

Նշենք, որ վերջին մեկ-երկու տարում Հայաստանում տնտեսության վարկավորման ծավալները նվազում են։ Բնակչությանը տամադրվող սպառողական կամ հիպոթեկային վարկերի վերադարձն էլ առաջիկայում դառնալու է ռիսկային։ Նոր վարկերի տրամադրումը՝ մշուշոտ։

Առևտրային գործունեությամբ զբաղվողները ունեն ևս մեկ լուրջ խնդիր՝ իրենց գործունեության տարածքի վարձակալման գումարի վճարումը։ Քանի որ մարդկանց եկամուտներից և հետևաբար՝ առևտրի շրջանառությունից է կախված ներմուծման և տեղական արտադրության ծավալները, նշանակում է, որ ականատես ենք լինելու շուտով թե՛ ներմուծման, թե՛ տեղական արտադրության ծավալների նվազմանը։ Ընդ որում, նվազելու են ոչ միայն այն ապրանքները, որոնք արտադրվում և սպառվում են Հայաստանում, այլև արտահանվողները։ Համաշխարհային սպառումը նույնպես նվազել է։ Մասնավորապես, նավթի գների անկման և ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումը նվազելու է։ Ինչ մնում է մեր արդյունաբերության խոշորագույն ճյուղին՝ հանքարդյունաբերությանը, ապա այն արդեն զգում է մետաղների և մասնավորապես պղնձի գների շարունակվող նվազման վտանգավոր «շնչառությունը» իրենց թիկունքին։ Դրանք մեկ ամսվա ընթացքում 6200-6400 դոլարից նվազել են մինչև 5400-5500 դոլար։ Այստեղ արդեն ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ։

Զբոսաշրջության ոլորտի կորուստները արդեն սկսվել են՝ հուշանվեր վաճառողից մինչև խոշոր հյուրանոցային համալիրներ։ Դրանք արդեն դատարկ են։

Գյուղատնտեսությունն, ինչպես հայտնի է, անկման մեջ է։ Վերոնշյալ գործընթացները այս տարի գյուղմթերքների իրացման խնդիր են առաջացնելու։

Ահա այսպիսի լրջագույն խնդիրների առջև է կանգնած Հայաստանը։ Ամենացավալին այն է, որ երկրի տնտեսությունը այս ամենին դեմ հանդիման է կանգնել արդեն իսկ թուլացած,- եզրափակում է Yerevan.today-ը:

 

 


Create Account



Log In Your Account