Apr 23 2020 14:39
Gulyaz Shirinova
Views: 375

35-ամյա Նունե Խաչատրյանը  3 երեխա ունի:  Առաջնեկն արդեն չափահաս է, շուտով զորակոչվելու է բանակ: Սակայն մինչ ծառայության անցնելը՝ 18 ամյա երիտասարդը դեռ անչափահաս տարիքից մոր հետ կիսում է ընտանիքի հոգսը: Աշխատում էր մինչև կեսգիշեր, երբեմն հետ էր մնում դասերից:

«Տղաս արդեն չափահաս է, ենթակա է բանակում ծառայության, չեմ պատկերացնում այս ապրումներով ոնց է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Ցանկացած մարդու հոգեկան աշխարհը պետք է հանգիստ լինի, որ իմանա իր ընտանիքը գոնե չնչին պայմաններում կարողանում է ապրել»,-ասել է Նունե Խաչատրյանը:

Այսօր ընտանիքը կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ: Ամսվա վերջին պետք է ազատեն այն բնակարանը, որտեղ այժմ ապրում են: Տան տերն ասել է՝ կա՛մ վճարեք, կա՛մ թող ուրիշը վճարի: Անցյալ տարի ընտանեկան նպաստ էին ստանում, սակայն երբ Վաչեն դարձավ գրանցված աշխատող, զրկվեցին նպաստից: Կառավարությունն էլ բռնագանձման պահանջով դիմեց դատարան․ ստացած ամբողջ գումարը ընտանիքը պիտի հետ վերադարձնի:
«Փոփոխություն չկա ո՛չ նախկինների, ո՛չ էլ ներկա իշխանության միջև: Նախկինների ժամանակ էլ էի վարձով ապրում, հիմա էլ: Ոնց ապրել եմ, այդպես էլ շարունակում եմ»,-նշել է նա:   

 

Մայրը նախկինում, նախքան կորոնավիրուսի բռնկումը, խնդրանքով դիմել էր Կառավարություն՝ կոմունալ վճարների համար, իր խոսքով՝ հավաստիացրել էին, որ անհրաժեշտ 25 հազար դրամը կհատկացնեն, սակայն մինչև օրս լուր չկա:
Վաչեն էլ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության սոցիալական աջակցության ծրագրից է օգտվել: Ստացած գումարը մինչև օրս խնայողաբար ծախսում են ուտելիք գնելու համար: Մայրը՝ Նունեն 2 անգամ դիմել է աջակցության ծրագրին, սակայն ոչ մի պատասխան։ Եվ սա այն դեպքում, երբ Նունեն իր խնամքին 2 անչափահաս երեխա ունի:

«Այսօրվա իմ միակ խնդիրն այն է, որ օրեր անց 2 անչափահաս երեխայիս հետ հայտնվելու եմ դրսում, ու կառավարությանը բազմաթիվ անգամ դիմել եմ, դռնեդուռ են շպրտում»,- ասել է  Նունե Խաչատրյանը:
Ընտանիքի հայրը կալանավայրում է: Կնոջ խոսքով՝ առողջական լուրջ խնդիրներ ունի: Բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որ բուժհաստատություն տեղափոխեն, բայց՝ ապարդյուն: Անտարբերության հետևանքով նրա ամուսինսը գամվել է սայլակին, ոչ մի բուժում չի ստացել, տեղային անզգայացում են արել միայն: Մարդկանց խոսքն անտեսում են, ոտնահարում են: 
 


Create Account



Log In Your Account