Apr 27 2020 12:24
Banovsha Shahaliyeva
Views: 357

Հայաստանում արագ ընթացքով աճում է  վերջին տարիներին արդեն իսկ ահագնացած  պետական պարտքը, որն արդեն նոր ռեկորդային ցուցանիշի է հասել:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է պետական բյուջեի վերանայման ու պետական պարտքի ծավալն ավելացնելու կառավարության նախաձեռնությունը:

2020թ.-ի համար ծրագրված պետական բյուջեն վտանգված է, հարկերը նվազել են ծախսերն՝ ավելացել: Այս իրավիճակում կառավարությունը հանդես է եկել ՀՀ պետական բյուջեում որոշ փոփոխություններ անելու առաջարկով: Մասնավորապես՝ 5%-ով ավելացնել դեֆիցիտն ու այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից պարտք վերցնել լրացուցիչ 260 մլրդ դրամ (541 666 666 դոլար):

ՀՀ արտաքին պարտքի ավելացումը ստեղծված իրավիճակում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բնական է համարում և անգամ չի բացառում, որ մինչև տարեվերջ կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեի դեֆիցիտը ևս մեկ անգամ վերանայել ու էլ ավելի մեծացնել արտաքին պարտքի չափը:

«Եթե իրավիճակն այսպիսի սցենարով շարունակվի ու կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական սահմանափակումները շարունակվեն առնվազն մինչև երրորդ եռամսյակ, մենք կունենանք նախանշված 260 մլրդ դրամի շեմի անցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանի բնորոշմամբ` իրավիճակն այսօր թելադրում է մի կողմից ձգել գոտիները, մյուս կողմից՝ փնտրել ոչ ստանդարտ լուծումներ: Չի բացառվում նաև, որ կառավարությունը ստիպված լինի գնալ պետական ծախսերի կրճատման ճանապարհով: Բայց այդ կրճատումները, Ավետիսյանի խոսքով, չպիտի լինեն հաստիքների կրճատման կամ պետական որոշ կառույցների լուծարման միջոցով, քանի որ այդ դեպքում միայն կավելանա սոցիալական բեռը՝ լրացուցիչ գործազրկության առաջացման հետևանքով:

Նշենք, որ Հայաստանի կառավարության՝ ԱԺ-ին ներկայացրած բյուջեի նախագծում 2020թ.-ին նախատեսվող հարկային եկամուտները նախատեսվածից շուրջ 169.1 մլրդ դրամով (352 291 666 դոլար) պակաս են հաշվարկվել: Եվս 150 մլրդ դրամ (312 500 000 դոլար) է գնահատվել կորոնավիրուսի հետևանքների վերացմանն ուղղվող պետական օժանդակության փաթեթների ընդհանուր ծավալը:

Թադևոս Ավետիսյանը չի բացառում, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի երկարաձգման հետևանքով պետությունը ստիպված կլինի ավելացնել նաև այս ծախսերը:


Create Account



Log In Your Account