May 23 2020 14:47
Gulyaz Shirinova
Views: 24

Հայաստանում  կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստին  առաջին անգամ էր դիմակով ներկայացել։ Վերջին շրջանում, երբ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է, գրեթե ամբողջությամբ առանց դիմակի էին ընթանում ինչպես Կառավարության, այնպես էլ Ազգային ժողովի նիստերը։ Սա քաղաքացիների շրջանում դժգոհություն էր առաջացրել։ Փաշինյանը կառավարության անդամներին կոչ արեց այսուհետ պարտադիր դիմակ կրել և այն հանել միայն այն դեպքում, երբ իրենց աշխատասենյակներում մենակ կլինեն։ Ավելի ուշ՝ այս թեմային անդրադարձավ նաև առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը, որը նույնպես առաջին անգամ էր դիմակ կրում։ Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի նոր դեպքերի աճին զուգահեռ՝ մեծանում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։

Վերջին տվյալներով, Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ը՝ առողջացած:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  49080 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված  374 նոր դեպք և 62 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան  77 դեպք: Առողջապահության նախարարի խոսքով, մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսվել է 2․4 միլիարդ դրամ։ Նրա կարծիքով՝ այդ գումարը «կատաստրոֆիկ քիչ» է։ Նախարարը նկատում է․ մինչև տարվա վերջ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին անհրաժեշտ կլինի մինչև 300 միլիոն դոլար, ինչը, մոտավորապես, 145 միլիարդ դրամ է։ Բայց եթե խոսք գնում է աշխարհը պատած կորոնավիրուսի մասին, ապա այս փոխկապակցված աշխարհում դա բոլորի հոգսն է։ Իսկ դրա առիթն այն է, որ ՀՀ վարչապետն առավոտյան մարդկանց հորդորում է անգամ հարազատի թաղմանը չմասնակցել, իսկ երեկոյան առանց պահպանելու սոցիալական հեռավորություն, կուտակումներ է ապահովում Ղարաբաղում  ու կերուխում անում։ Նրա խոսքն ու գործն այդքան տրամագծորեն տարբերվում են իրարից։ Ցավալի է, որ կատարվածը հեգնանքի թեմա է դարձել, երբ ասում են, որ թաղմանը մասնակցել չի կարելի, բայց ուտել-խմել կարելի է: Դա մեծ հարված է վարչապետի հեղինակությանը՝ կորոնավիրուսի դեմ նրա պայքարում։ Ոչ մի տուգանք ու պարտադրանք չի կարող լուրջ ազդեցություն ունենալ շարքային քաղաքացու վրա, երբ տեսնում է, որ իշխանական վերնախավը թքած ունի կորոնավիրուսի կանխարգելիչ քայլերի վրա։ Մարդիկ դիմակներն ու ձեռնոցները ստիպված կրում են ոչ թե չվարակվելու կամ չվարակելու համար, այլ որ չտուգանվեն։


Create Account



Log In Your Account