Aug 10 2020 18:11
Gulyaz Shirinova
Views: 37

Մինչ կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման հնարավորությունները, անկումը Հայաստանում խորանում է։ Այլևս պարզ է, որ այս տարի աճ չի լինելու։ Այս մասին գրում է 168.am-ը: Առայժմ ամեն ինչ գնում է անկման խորացման ուղղությամբ։ Ու դա նկատվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք ուղղակիորեն կապված են սոցիալական իրավիճակի հետ։ Այդ հատվածներում հեշտ չի լինելու անկման հաղթահարումը, քանի դեռ սոցիալական իրավիճակը երկրում շարունակում է լարվել, իսկ մարդիկ կորցնում են իրենց եկամուտները։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, անկումը շինարարության ոլորտում կազմել է գրեթե 24 տոկոս։ Սա այն ոլորտն է, որտեղ ընդամենը 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր բումի մասին։ Այդ բումը տեղի չունեցավ, իսկ այսօր ոլորտը կրկին հայտնվել է այն շրջապտույտի մեջ, որից դուրս գալու համար ժամանակին տարիներ պետք եղան։

Քանի դեռ բնակչությունը հնարավորություն ու միջոցներ չունի ներդնելու իր կենցաղային պայմանները բարելավելու համար՝ անիմաստ է ակնկալիքներ ունենալ շինարարության ոլորտի վերականգնման հետ կապված։ Հայաստանում մարդիկ այսօր մտածում են ոչ թե՝ շինարարություն իրականացնելու, այլ՝ իրենց հացի խնդիրը լուծելու մասին։ Ներքին տնտեսության մեջ տեղի է ունենում հասարակության եկամուտների կրճատում։ Նվազում են նաև արտաքին աղբյուրների հաշվին ձևավորվող եկամուտները։ Եկամուտների կրճատման հետևանքներն ակնհայտ են նաև առևտրի ոլորտում։ Տեղի է ունենում վճարունակ պահանջարկի շեշտակի անկում։ Առևտրի ծավալները երկնիշ նվազում են արձանագրել, ու դա հասարակության սոցիալական վիճակի լավագույն բնութագիրն է։ Վճարունակության կորուստներն արտահայտվում են ոչ միայն՝ առևտրի, այլև՝ ծառայությունների ոլորտում։ Համավարակի պայմաններում սա տնտեսության ամենացավոտ հատվածն է, որը կրել է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական լուրջ վնասներ։ Բայց ամենավատն այն է, որ իրավիճակն առայժմ վերականգնվելու հեռանկար չունի։ Հայաստանում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում էլ տեղի է ունեցել եկամուտների անկում։ Ու դա նկատվում է նաև միջին աշխատավարձի ցուցանիշներում։ Այսօրվա դրությամբ Հայաստանում հաշվվում է առնվազն 700 հազար աղքատ։ Նրանցից 30 հազարը ծայրահեղ աղքատներն են։ Փոխարենը մտածելու այս մարդկանց հոգսն ինչ-որ կերպ թեթևացնելու մասին, իշխանությունները վայլելում են պետական միջոցները։ Արդյունքում՝ աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ։ Մինչդեռ, մարդիկ հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, տնտեսությունը զարգացնելու է, երկիրը ծաղկեցնելու է, իսկ ժողովրդի վիճակը լավացնելու է։


Create Account



Log In Your Account