Aug 21 2020 18:10
Gulyaz Shirinova
Views: 347

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը շռայլ խոստումներ տվեց երկրի հեռանակարների մասով՝ հատկապես սոցիալական ոլորտին վերաբերող խոստումներ։ Համավարակն ինչպե՞ս ազդեց Հայաստանի տնտեսության վրա, ի՞նչ բացթողումներ եղան և ի՞նչ կորուստներ գրանցվեց այս ամիսներին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց․

«Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ տնտեսության որոշ ճյուղեր շատ բացահայտ ձևով ենթարկվեցին թագավարակի խիստ ազդեցությանը։ Դրանք հատկապես սպասարկման ոլորտն են, հանրային սննդի ոլորտը, զբոսաշրջությունը։ Ազդեցությունից դուրս չեն մնացել նաև ոչ միայն արդյունաբերական ձեռնարկությունները, այլ նաև արդյունաբերական որոշ ճյուղեր»,-նշել է Մակարյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով, համավարակի բացասական ազդեցություն է թողել ձեռնարկությունների շուրջ  89 տոկոսի վրա:  

Գագիկ Մակարյանի խոսքով, երկրում պետք է օգտվեն զբաղվածության մոդելից:

Իսկ «Փաստ» թերթը գրում է, որ  COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։ Խնդիրն այն է, որ ժամանակն անցնում է, իսկ երկրի տնտեսական վիճակի բարելավման որևէ նշույլ անգամ չկա, այլ ընդհակառակը՝ այն շարունակում է ծանրանալ։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր ահռելի վնասներ են կրում, մեծ թվով տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Տնտեսության ծանր իրավիճակն իր արտացոլումն է գտել նաև հարկերի հավաքագրման բնագավառում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։ Ուշագրավ է նաև, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2020 թ.-ի առաջին կիսամյակում 18 մլրդ 356 մլն դրամ պակաս գումար են վճարել պետական բյուջե: Այսպիսի իրավիճակում շարունակում է աճել ՀՀ պետական պարտքը։ 2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում պարտքն ավելացել է 618,2 մլն դոլարով՝ կազմելով 7,939 մլրդ դոլար, և սպասվում է, որ այն շուտով կանցնի 8 մլրդ դոլարի սահմանագիծը։ Այս պայմաններում Փաշինյանի խոստացած ներդրումների մասին խոսք անգամ չի կարող լինել։ Գոնե կառավարությունը պետք է տնտեսական գործունեությունը խթանելու ռազմավարություն մշակեր։ Ընդհանրապես, մի քանի ճանապարհի ասֆալտապատումով ու մանկապարտեզի վերանորոգումով տնտեսության համար որևէ լուրջ հարց չի լուծվում»,-գրում է թերթը։


Create Account



Log In Your Account