Jan 25 2021 12:57
Banovsha Shahaliyeva
Views: 324
Հայաստանում մարդկանց կյանքը չի լավանում, ընդհակառակը պատերազմից հետո էլ ավելի է վատանում: Ծանր վիճակ է տիրում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում, որի բնակիչները սպասում են Ռուսաստան մուտքի արգելքի վերացմանը՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար: Գյուղի բնակիչների հիմնական մասն իր ապրուստը վաստակում է Ռուսաստանի Սամարա քաղաքում արտագնա աշխատանքով։ Անցած տարի համավարակով պայմանավորված խոպանչիների մի մասը չհասցրեց մեկնել, մի մասն էլ մնաց Ռուսաստանում՝ չկարողանալով վերադառնալ: Վարդան Մինասյանը ստաժավոր խոպանչի է՝ 30 տարի դրսում է աշխատել, ասում է՝ անցած տարի չհասցրեց մեկնել, և հենց սահմանները բացվեն՝ առաջին մեկնողներից կլինի: «Էրթում ենք ինչա, բացվի, որ էրթանք: Առանց խոպան հնարավոր չէ, շատ դժվար է»: Արտագնա աշխատանքի չմեկնած գյուղացին նախորդ տարի հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվել, բայց ասում է՝ հաջորդ տարվա վար ու ցանքի համար գումար չի մնացել. «Բանկերը յալվար են գումար դնելու տոկոսով բարձր, մտնում ես բան ուղղակի էլ չես կարող դուրս գալ, սաղ կյանքդ տոկոսները փակես»: Զրույցին միացած 67-ամյա Սաշա Սարգսյանի որդիներն են դրսում արդեն մի քանի տարի: Դժգոհում է՝ Սախալինում աշխատող որդիները չեն կարողանում Հայաստանից աշխատողներ տանեն. «Էրեխեքը դուրսն, բայց մենք ըստեղ ենք, շատ դժվար է հիմիկվա էս պայմաններում: Որ ճամփեքը թակ են չեմ կարա էրթա, հիմա իմ երեխաները այնտեղ են, ուզում են մարդ տանեն, աշխատացնեն, ճամփեքը փակ են չեն կարողանում տանել: Պարոն Փաշինյանը թող էս հարցով հետաքրքրվի»: Նաիրի Ավդալյանը մեկ անգամ է արտագնա աշխատանքի մեկնել: Նրա խոսքով ճանապարհները բացվելու դեպքում արտագնա աշխատանքի կմեկնի, քանզի առանց խոպան մեկնելու գյուղի մեծ մասը չի կարողանում ապրել: «Որոշել եմ, որ էրթամ, ըստեղ ինչ կա: Աշխատեմ, որ բանկերը փակեմ: Մնամ ինչ անեմ ըստեղ: Կերթանք շոֆեռություն կանենք կապրենք, ըստեղից հաստատ լավ կապրենք: Մնանք ըստեղ ինչ անենք»: Արտագնա աշխատանքով վարկ ու պարտք են հիմնականում փակում: Նշում է, թե գյուղում չկա մի ընտանիք, որ բանկում վարկ չունենա, ինքը ևս ունի. «Ես լիքը մարդկանց կարամ ասեմ, որ վնաս են կրել չեն գնացել: Գնացեք բանկերը հաշվեք, քանի հազար, միլիոնավոր մարդիկ վարկ ու պարտք ունեն:Հայաստանը կդատարկվի էլ մարդ չի մնա, սաղն էլ կերթան, ով որ հիմնական էրթացողներ են միշտ էլ կերթան, նրնաց ապրուստը դրսում է»: Հայաստանի ամենաաղքատ մարզը համարվող Շիրակում ընտանիքների մեծ մասի համար որպես տուն պահելու միակ միջոց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արտագնա աշխատանքն է դիտարկվում:

Create Account



Log In Your Account