Jan 25 2021 15:08
Banovsha Shahaliyeva
Views: 327
Լոռու մարզի Գըզըլ Շաֆագ գյուղի բնակիչների միակ ցանկությունն այսօր խաղաղությունն է: Մինչ 1990 թվականը 3000 բնակիչ ունեցող ադրբեջանական այս գյուղում այսօր ընդամենը 30 ընտանիք է ապրում: Գյուղի 72-ամյա բնակիչ Նադեժդա Մկրտումյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ նախկինում գյուղը շատ գեղեցիկ էր, շքեղ ուղղակի։ «Երբ այստեղ ադրբեջանցիներ էին ապրում, ոչ մի ավերված տուն չկար, անգամ քանդված գոմ չկար։ Հետո ամեն ինչ քարուքանդ եղավ»։ Գըզըլ Շաֆագում բնակվող ադրբեջանցիները 1980-ական թվականների վերջին Ադրբեջանի Քերքենջ գյուղի մոտ 250 ընտանիքների հետ պայմանավորվել էին ու փոխանակել իրենց տները։ Գըզըլ Շաֆագում մնացած ազատ տներում հաստատվել են Ադրբեջանից մեկնած հայերը, այդ թվում՝ Նադեժդա Մկրտումյանն իր երկու դուստրերի հետ։ «Ես այստեղ եկա որպես բուժքույր։ Ոտքի տակ էի տալիս ամբողջ գյուղը։ Բոլորին անուններով գիտեի։ Բայց հետո սկսեցին հեռանալ, փախչել այստեղից»։ Այսօր հարյուրավոր աշակերտներ ունեցած դպրոցում՝ 15 երեխա է սովորում։ Նադեժդան ցավով է նշում, որ ամբողջ փողոցում ինքն արդեն մենակ է մնացել. «Ոնց պետք է իրար տուն գնան։ Էդ առաջներում էին միմյանց հյուր գնում, հարևանություն անում... Չգիտեմ, այսպես չեմ կարող։ Ես սովոր եմ մարդկանց հետ շփվել ու վերջ»։ Գըզըլ Շաֆագում ձմեռը ցրտաշունչ է։ Հատուկենտ տաք օրերին Նադեժդան նստում է պատշգամբում: Ասում է՝ գյուղն իսկական առողջարան է: Կնոջ միակ ցանությունը բոլոր հարևանների հետ խաղաղ ապրելն է: «Պատերազմը չի կարող մշտական ու անվերջ լինել։ Ի վերջո՝ այսօր, թե վաղը, խաղաղություն է հաստատվում»։ Նշենք, որ դեռ պատերազմից ու համաճարակից առաջ աղքատության ու գործազրկության պատճառով հազարավոր մարդիկ մի կտոր հացի փող վաստակելու համար լքեցին Հայաստանը ու մեկնեցին Ռուսաստան, այլ երկրներ: Երկրում մնացածների կյանքը պատերազմից հետո էլ ավելի է վատացել: Եվ այսօր Հայաստանի քաղաքացիներից շատերը միայն խաղաղություն են ուզում, քանզի լավ են հասկանում, որ միայն բոլոր հարևանների հետ խաղաղության պայմաններում կարող են ապրել ու զարգանալ:

Create Account



Log In Your Account