Feb 17 2021 15:22
Banovsha Shahaliyeva
Views: 349
Հայաստանում մարդկանց կյանքը չի լավանում: Այսօր էլ հազարավոր մարդիկ շարունակում են ապրել ծանր ու աղետալի պայմաններում, վթարային տներում: Իրենց անտանելի կյանքից է բողոքել Անահիտ Մարուքյանի ընտանիքը: Տան անդամները ահազանգում են՝ մեկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ փլուզվել է իրենց առաստաղը։ «Գլխներիս ընկնի մեռնենք, որ մենք բնակարան չենք կորցրել մեռնենք ոչինչ հա: Պետությունը մեր հանդեպ ոչ մի պարտականություն չունի»: Անահիտը իր չափահաս երեխաների՝ Կարենի, Մարիամի ու թոռնիկների հետ ապրում է Գյումրիի Կազաչի պոստ 237 շենքի առաջին հարկի երկսենյականոց բնակարանում: Փլուզման պատճառով Մարիամը երեխաների հետ ստիպված է եղել տնից ժամանակավորապես դուրս գալ։ Իսկ Անահիտը և Կարենը գնալու տեղ չունեն, երկուսն էլ հաշմանդամ են և առողջական խնդիրներ ունեն։ «Հիմա տեսեք, որ փլվելա էսի երկու օր առաջա եղել: Հիմա տեսեք սաղ ճաքերա, ամեն վարկյան կարա փուլ գա: Հիմա ես մնալու եմ էս տանը, աստված չանի մեզ մի բան պատահի, փլուզվի նորից էս առաստաղը»: Կազաչի պոստ 237-ը 3-րդ աստիճանի վթարային շենք է, այն չունի սպասարկող համատիրություն։ 2003 թ.-ին տրված սեյսմիկ եզրակացության համաձայն՝ այս շենքում բնակվելը խիստ վտանգավոր է։ Չնայած սրան՝ շենքում 17 բնակարանից 7-ը բնակեցված է։ Հիմնականում բնակիչները սեփական ուժերով են վերանորոգում իրենց շենքերի տանիքները և քանդված մասերը։ «Հնարավորություն չկա էս շենքում ապրելու, ես ինչի համար ռեմոնտ չեմ անում, էս խոպան եմ աշխատում, մի քիչ սարքել եմ, որ բետոնը չընկնի գլխիս:Վերևը ջուրա կաթում, քանի անգամ սարքել ենք, մինչև կրիշը չփոխվի ոչ մի բան չի փոխվի: Շենքի տակն էլ սաղ ջուր է, շենքը անընդհատ սողանքի տակ կմնա: Քաղաքապետը ասումա, որ մեր շենքը չէ, բալանսի մեջ չկա, որ տերը տիրություն անի»: Այս շենքում ապրում են և՛ միայնակ տարեցներ, և՛ բազմանդամ ընտանիքներ։ Տարիներ առաջ այստեղ ապրելու համար բնակիչներին տրվել է միասնական օրդերի հիմքով բնակվելու թույլտվություն։ Նրանցից բնակարանի սեփականության վկայական ունի միայն 5-ը։ «Քաղաքապետարանը դիմեցինք մենք փետ էլ չտվին, թե ձեր շենքը քար է: Էս հալիս ծառը կտրեմ բերեմ վառեմ»: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ Հայաստանում 1988 թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո դեռ ժամանակավոր տնակներ կան, մի մասը Գյումրիում, մնացածը՝ Շիրակի մարզի տարբեր համայնքներում: Գյումրիում տնակային պայմաններում գոյատևող Նինայի ու Լևոնի պես տարեցները շարունակում են ապրել անմարդկային պայմաններում, մոռացված, իրենց հոգսերի հետ՝ մեն-մենակ։ Ցուրտ ձմռանը դառնում են ավելի խոցելի։ Տարեց զույգը ստանում է 70 հազար դրամ թոշակ, որը հազիվ բավարարում է ուտելիք գնելուն։ Լևոնը հիվանդության պատճառով կուրացել է, հիմնականում պառկած է, տանից չի կարողանում դուրս գալ։ Նինան նույնպես առողջական խնդիրներ ունի, մեկ աչքը չի տեսնում, տան գործերը չի կարողանում անել։ Այսօր նրանց միակ ցանկությունը նոր տուն ունենալն է: 33 տարի է անցել Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո, սակայն անօթևանների հարցը դեռ չի լուծվել։ Բաց երկնքի տակ կանգնած այս տնակներին նայելիս թվում է, թե ամեն րոպե կարող են փլվել։ Երկար տարիներ ծայրահեղ աղքատության մեջ այսպիսի տնակներում ապրող բազմաթիվ մարդիկ անպաշտպան են, նրանց կյանքը ամեն րոպե վտանգի տակ է:

Create Account



Log In Your Account