Mar 02 2021 14:29
Banovsha Shahaliyeva
Views: 307
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խարդախության ևս մեկ դեպք է բացահայտել: Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի քաղաքացի Վ.Ղ-ն զինծառայողի հարազատներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար է հափշտակել: Խաբեբա Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ.Ա.-ն մասնակցելով երկրորդ ղարաբաղյան պատերազմին՝ անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն: Զինծառայողի հոր հետ հանդիպումների ընթացքում խաբեբա Վ. Ղ.-ն նրան հայտնել է, թե իբր ճշտել է, որ որդին գտնվում է Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ այլ երկիր, իսկ այնուհետ Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է տալ 30 հազար դոլար՝ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց: «Միաժամանակ, զինծառայողի հորը՝ Ա. Ա.-ին մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով խաբեբա Վ. Ղ.-ն հայտնել է, թե իբր նշված գումարից 15 հազար ԱՄՆ դոլարը վճարվելու է «Սպիտակ խաչ» նախաձեռնության կողմից, իսկ մնացած 15 հազար ԱՄՆ դոլարը պահանջել է զինծառայողի հորից՝ Ա. Ա.-ից: Հափշտակության նպատակը քողարկելու համար խաբեբա Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 22-ին զինծառայողի հորը՝ Ա. Ա.-ին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար», - ասված է հաղորդագրությունում։ «Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ խաբեբա Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սրճարանում զինծառայողի հորից՝ Ա. Ա.-ից խաբեությամբ ստացել է 7 միլիոն 896 հազար 750 ՀՀ դրամին համարժեք նշված 15 հազար ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել», - շարունակում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի հոդվածով՝ («առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ») հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա խաբեբա Վ.Ղ.-ն ձերբակալվել է: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող նմանատիպ անձանց հետ գործարքների մեջ մտնելուց։

Create Account



Log In Your Account