Apr 15 2021 15:11
Banovsha Shahaliyeva
Views: 291
Հետպատերազմյան Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել: Ոմանք արդեն սկսել են խոսել Ադրբեջանի և թուրքիայի հետ հարաբերությունների մասին: «Հույս ունեմ՝ առաջիկայում մենք չենք ամաչի, որ խաղաղություն ենք ուզում, և Հայաստանում գործընթացները տեղի կունենան հանուն խաղաղության», - ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։ Իրավապաշտպանի խոսքով, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չեն ուզում պատերազմ, բայց միաժամանակ վախենում են խոսել այդ մասին՝ դավաճան ու ոչ հայրենասեր չերևալու համար։ «Ես, օրինակ, ինձ շատ վատ եմ զգում, երբ ինչ-որ մեկը՝ պահանջատեր, կամ ռևանշիստ դեմքով, Շուշի հետ բերելու մասին է խոսում։ Ես անընդհատ մտածում եմ այն մայրերի մասին, ովքեր նոր-նոր իրենց էրեխեքին մեծացնում են, ու ինչ-որ մեկը դրա վրա խաղադրույք է անում, ինչ-որ մեկն իրենց էրեխու հաշվին նախընտրական խոստումներ է տալիս»,-ասել է Վարդինե Գրիգորյանը։ Հարևան երկրների հետ խաղաղասիրական մի շարք ծրագրեր իրականացրած կազմակերպության ներկայացուցիչը մտավախություն ունի, որ առաջիկայում հասարակության խաղաղության ձգտող մեծամասնությունն ինտենսիվ կարտագաղթի Հայաստանից։ Ըստ Գրիգորյանի՝ վտանգավոր միտումներ կան, որ ընտրությունների ժամանակ պատերազմի ու ագրեսիայի վրա հիմնված պոպուլիստական քարոզչությունը կարող է առաջին պլան մղվել։ Ընդ որում այսօր չեն արժևորվում մարդու իրավունքները։ Բոլորը կարծում են, որ սեփական իրավունքների մասին խոսելու ժամանակը չէ, քանի որ երկիրը վտանգի մեջ է, ասում է իրավապաշտպանը։ «Ընդհանուր առմամբ մեր դաստիարակությունն է երևի մարդկային, որ մեր անձը միշտ երկրորդական դասենք ընդհանուր հանրային շահին, ու այստեղ ընդհանուր հանրային շահ է ներկայացվում ապագա պատերազմը, երբ որ իրականում ընդհանուր հանրային շահը բարեկեցությունն է, քաղաքացիների ու երեխաների անվտանգությունը, խաղաղությունը։ Ամեն դեպքում մենք չենք կարող մի ամբողջ երկիր «Եռաբլուր» ունենանք, դրա հեր պետք է հարմարվել ու դրա ուղղությամբ պետր է աշխատել, ոչ թե ռեվանշիզմի, որը որ շատ էժան վաճառվող քարոզչանյութա»,-ասել է Վարդինե Գրիգորյանը։ Վարդինե Գրիգորյանի խոսքով, սա չի կարող լավ բանի բերել։ Եթե Հայաստանը շարունակի պատրաստվել պատերազմի ու դա դարձնի հիմնական քննարկման առարկա, կստացվի, որ էլի ցանկացած ձախողում՝ լինի, տնտեսական, քաղաքական, թե մարդու իրավունքների տեսանկյունից, կարելի է արդարացել, նշելով, որ պատերազմի ենք պատրաստվում։

Create Account



Log In Your Account