Feb 14 2018 12:54
Banovsha Shahaliyeva
Views: 31

Հայաստանում արագ ընթացքով աճում է վերջին տարիներին արդեն իսկ ահագնացած  պետական պարտքը, որը 2018 թվականին արդեն ահռելի չափերի է հասել: Միայն այս տարվա  հունվարին այդ երկրի պետպարտքն ավելացել է 123,5 միլիոն դոլարով՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 6 միլիարդ 898 միլիոն դոլար: Այն, որ  7 միլիարդ դոլարի սահմանագծին մոտեցած Հայաստանի  պետական պարտքը այս տարվա ընթացքում հատելու է այդ շեմը,  «Ազատության» հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարի խոսքով՝  ծրագրում են այս տարի շուրջ 360 միլիոն դոլար նոր պարտք վերցնել:

«Բացաձակ թվով մեր դեֆիցիտը շուրջ 156 միլիարդ դրամ է լինելու՝ մոտ 360 միլիոն դոլարի կարգի: Նախորդ տարվա նկատմամբ դա էական նվազեցում է»,-ասել է Վարդան Արամյանը:

Համեմատելով  2017 թվականի հետ Արամյանը նշել է, որ անցած տարի Հայաստանի պետական պարտքն ավելացել է 832,5 միլիոն դոլարով: Ընդհանրապես, պետական պարտքի ավելացման տեսանկյունից  2016  և 2017 թվականներին Հայաստանի իշխանություններին հաջողվել է կուտակել լրացուցիչ գրեթե 1,7 միլիարդ դոլարի պարտք:  Եթե Հայաստանը մինչ այս կուտակել է, ապա հետայսու պետք է մարի: Պետական պարտքի մարման տեսանկյունից ամենածանր տարին 2020 թվականն է լինելու․ այդ տարի պետք է մարվի այսօրվա հաշվարկով 736 միլիոն դոլար:  Ըստ Արամյանի՝ կա առնվազն չորս սցենար, օրինակ՝ կարող են նոր պարտք վերցնել, փակել ընթացիկը, արդյունքում՝ ժամանակ շահել և հետաձգել ամբողջական պարտքի մարումը:  Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ նշում է, որ  նախորդ երեք տարիերին Հայաստանի պետական պարտքը տարեկան ավելացել է առնվազն 15 տոկոսով, մինչդեռ տնտեսական աճը շատ ավելի համեստ է: Այսինքն՝ երկրի պարտք աճում է անհամեմատ ավելի արագ տեմպով, քան տնտեսությունը․

«Ի՞նչ է նշանակում տնտեսության 7.7 տոկոս աճ: Մենք ունենք մոտավորապես 10.5 միլիարդ դոլարի կարգի ՀՆԱ, 7.7 տոկոսով որ սա աճում է, ընդամենը մեծանում է մոտավորապես 800 միլիոն դոլարով: Մենակ 2017 թվականի ընթացքում դու արդեն 800 դոլարի ավելի շատ պարտքային բեռ ես կուտակել: Երբ բարձրաձայնվում է 7.7 տոկոսը, մի քիչ պետք է դրա որակական կողմն էլ հաշվի առնել»:

Ըստ Մանուկյանի՝ այն, որ իշխանությունները անարդյունավետ են օգտագործել պարտք վերցված միջոցները վկայում է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը գնացել է  հարկային դրույքաչափերի բարձրացմանը, որպեսզի կարողանա մարել վարկերը․

 «Ի՞նչ է լինելու սրա վերջը․․․ Կան նույնիսկ եվրոպական երկրներ, որտեղ ՀՆԱ-ի կրկնապատիկը կամ ավելին էլ կա պարտք: Բայց այդտեղ կարևոր է, որ եկամտաստեղծ ուղղությունները բավականաչափ դիվերսիֆիկացված են և կայուն եկամուտներ են բերում: Եվ որ ամենակարևորն է՝ դա դամոկլյան սրի պես կախված չի աշխատողների վրա»:

Գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանը չի ընթանում առաջընթացի ուղիով: Երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական աճն այդպես էլ չի գրանցվում, իսկ գործազրկությունն  ու աղքատությունը, գների թանկացումը, օրեցօր ավելացող պետական պարտքը  ազգային աղետ են դարձել:


Create Account



Log In Your Account