Oct 12 2019 14:57
Gulyaz Shirinova
Views: 317

Նախկին իշխանությունների արտաքին քաղաքական ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ գագաթաժողովը Երեւանում գումարելու արժանիքները Փաշինյանին վերագրելը և ՌԴ նախագահ Պուտինի Երևան կատարած այցի նպատակները նրա հետ շաղկապելը նույնն է, որ մոմերի լույսը վերագրվի կանդելյաբրին, գրում Yerevan Today-ը : Փաշինյանն` ինքն էլ պարզորոշ ու միանշանակ զգացել է սեփական անձի նկատմամբ ընդգծված անվստահությունը և համակողմանի հաստատուն անտեսվածությունը։ Այլապես ստիպված չէր լինի դարձյալ խաբել ժողովրդին ու հորինել Պուտինի հետ ժամուկեսանոց արդյունավետ հանդիպումների մասին կեղծիքը, ոչ էլ կվազեր օդանավակայան` երկրորդ անգամ հրաժեշտ տալու ՌԴ նախագահին։ Մինչդեռ ռուսական միանգամայն իրազեկ ու պատասխանատու «Коммерсантъ» օրաթերթը պարզ ու կոնկրետ գրել է, որ «Դվին» հյուրանոցում Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը տրամադրել է ընդամենը 10 րոպե, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում Պուտին-Փաշինյան շփումները եղել են զուտ արարողակարգային և տրամադրվել են ռուսական լրատվամիջոցների տեսալուսանկարահանումներին։ Փաշինյանն անձամբ ու ակամա է հաստատել այս տեղեկատվություն հավաստիությունը` չհրապարակելով ոչ մի լայվ, ոչ մի լուսանկար ու չանելով ոչ մի հայտարարություն` թե ժամուկես կոնկրետ ինչի մասին է խոսել Պուտինի հետ։ Իսկ թե 10 րոպեների ընթացքում կոնկրետ ինչ է ասել Պուտինը Փաշինյանին` բոլորն են հասկանում` հենց նրա աննախադեպ ու բացառիկ լռությունից։  Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական բանտարկյալի կարգավիճակով պահելու և Սահմանադրական դատարանի որոշումը հանցավոր շահադիտությամբ չկատարելու աշխարհաքաղաքական գնահատականը գրեթե անմիջապես հնչեց Սոչիում` «Վալդայ» համաժողովի ընթացքում։ Պուտին-Ալիև բանակցություններից առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտնեց, թե «ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան»` այս կերպ ակնարկելով Փաշինյանի իշխանավարման շրջանում Ալիևին համակած մտադրությունների մասին, իսկ Ալիևը` հակադարձելով Փաշինյանի Ղարաբաղում հնչեցրած  հայտարարությանը, իր ելույթում բացականչեց. «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Եվ եթե թավշապետության օրոք ստեղծված իրավիճակին գումարենք նաև ձմեռնամուտին գազի գնի առնվազն 30%, եթե ոչ 40 % թանկացման հեռանկարը ու դրանով պայմանավորված գնագոյացման մուլտիպլիկատիվ հավանականությունը, ապա կստանանք նաև վարվող, առավել ճշգրիտ` տապալվող արտաքին քաղաքականության ու ռազմավարական դաշնակիցների վստահության կորստի աշխարհաքաղաքական ստույգ գինը։ Ստացվում է, որ 2020-ը արտաքին ու ներքին քաղաքական կրախի ու տնտեսական կործանման, դրան հետևող պատերազմական տարու չվերածելու համար անհրաժեշտ է դառնում համազգային կոնսոլիդացիան և «2020-ը առանց Նիկոլի» կարգախոսային գաղափարի իրագործումը։ Միեւնույն ժամանակ վերջերս կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, թե քաղաքացին այսօր ավելի լավ է ապրում, քան մեկ տարի առաջ։ Հարցման միջոցով Yerevan Today-ը փորձել է քաղաքացիներից ճշտել՝ արդյո՞ք հիմա ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ էր։ Հարցված քաղաքացիների կարծիքով, այս ժամանակահատվածում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել, ընդհակառակը իրավիճակն էլ ավելի է վատացել:

 


Create Account



Log In Your Account