Oct 26 2021 15:05
Banovsha Shahaliyeva
Views: 70
Հայաստանի քաղաքացիների կյանքը գնալով վատանում է: Ծանր իրավիճակ է տիրում Գյումրիում, որտեղ 1988 թվականի երկրաշարժից մինչ օրս մարդիկ ապրում են կիսաքանդ ու կիսավեր տնակներում: Այդ մարդկանց թվում է Լալա Ստեփանյանը, ով 90-ականներից ապրում է Գյումրիում: Տնակում են մեծացել կնոջ չորս երեխաները։ Լալայի խոսքով ձմեռը տնակներում ապրողների համար կրկնակի երկար է ու ցուրտ. «Ըստեղ վառելիքներիս տեղն է: Վառում եմ կոշիկ, շոր, փայտ, ծառի ճյուղ։ Ինչ ընկնում է ձեռքներս այն էլ վառում ենք»։ Լալայի խոսքով՝ հացի փողն են հազիվ հասցնում, ամեն ինչ ապառիկ են գնում, հետո թոշակով պարտքերը մարում ու դատարկ նստում։ Տարիների ընթացքում տնակը քայքայվել է, գրեթե բոլոր անկյուններում անձրևների կաթոցների համար տարաներ է շարված: «Էդ 32 հազարը, որ ստանում եմ տալիս եմ պարտքերիս: Մի խոսքով թոշակիցս տունը գումար չի մտնում»: Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը Ազատության թղթակցի հետ զրույցում նշել է, Գյումրիում մոտ 40 տոկոս մարդիկ հիմնականում օրավարձով աշխատանքով մի կերպ ծայրը ծայրին են հասցնում։ «Մենք ունենք սոցիալական ծանր խնդիր հատկապես ձմռանը կապված ջեռուցման հետ, տնակային ավաններ, նաև ունենք հանրակացարանային կամ վթարային շենքեր, որտեղ էլի ապրում են սոցիալապես խոցելի խմբեր, այսինքն մենք մոտավորապես 5-6 հազար ծայրահեղ խոցելի ձմռան վառելիքի խնդիրը չլուծած ընտանիքներ ունենք, միայն Գյումրիի մասին եմ խոսում»: Գյումրիում բնակիչների մոտ 40 տոկոսը ծայրահեղ աղքատության մեջ է: Թումասնյանն ասում է՝ ամենացավալին այն է, որ այդ մարդիկ իրենց աղքատության հետ արդեն համակերպվել են։ «Այո, իրենք համակերպվել են այդ միջավայրին, և իրենք ամեն օր զբաղված են գոյատևելու խնդրով։ Առավոտյան մտածում են՝ ոնց կարողանան համոզել մոտակա խանութի աշխատակցին պարտքով հաց տալ։ Այդ խնդիրներով զբաղվող մարդը ժամանակ չի ունենա գնալ, բողոքել, ճանապարհ փակել և այլն, դրա համար մենք չենք տեսնում այդ ամբողջը»։ Տարիներ շարունակ տնակներում բնակվողների խնդիրներով զբաղվող Թումասյանը կարծում է, որ կառավարությունը գոնե վառելիքի ապահովման հարցում պետք է աջակցի նաև այս ընտանիքներին, այլապես խտրականություն է դրսևորվում նրանց և գազաֆիկացված շենքերում ապրող անապահով ընտանիքների միջև։ Գյումրիի 96 տնակային ավաններում մոտավոր հաշվարկներով շուրջ 13 հազար մարդ է բնակվում: Շատերի համար սա արդեն 33-րդ ձմեռը կլինի, որ դիմավորելու են տնակում:

Create Account



Log In Your Account