Mar 24 2020 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 355

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 41-ով՝ հասնելով 235-ի: Բուժվածների թիվը 2 է։ Այս մասին հայտնում է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանում  կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներով պայմանավորված՝ երկրի կառավարության  որոշմամբ  մարտի 24-ից մեկ շաբաթով կդադարեցվի սրճարանների, ռեստորանների, որոշ շինարարական աշխատանքների, տեքստիլ արտադրական ձեռնարկությունների, թեթև արդյունաբերության և մի շարք ճյուղերի գործունեությունը, ինչի պատճառով երկրում գործազուրկների թիվն աճել է:

Հայաստանի Կառավարությունը մի շարք պարզաբանումներ է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքների վերաբերյալ: Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, որով գործատուն պիտի վճարի իր աշխատողներին: Սակայն Հայաստանում ոչ բոլորն են աջակցում կառվարության ձեռնարկած քայլերին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով արտակարգ դրությանը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին պետք է վճարի ոչ թե գործատուն, այլ պետությունը:

«Բայց ես խի պետք է վճարեմ ուզում եմ հասկանամ: Պետությունը որոշել ա, արտակարգ վիճակ հայտարարել ա` պարտավոր ա: Ես ինչ կապ ունեմ դրա հետ»:

«Ազատության» հիշեցմանը, թե կառավարությունն ասում է, որ գործատուն էլ իր կողմից պետք է աջակցի, Ծառուկյանը հակադարձեց.

«Տասը օր տվեց... հետո օդի՞ց ա տալու: Էսօր ինչ կա չկա` հարկայինից սկսած, դրած, սաղի կաշիները քերթելով, բյուջեն լցնում են: Հունվար-փետրվար ամիսների 25 միլիարդ պակաս գումար ա էկել, բյուջեն չեն կարողանալու»:

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ պետությունը պետք է վճարի  օրավարձով աշխատող և այսօր աշխատանքը կորցրած քաղաքացիներին:  Ծառուկյանը հիշեցրեց, թե դեռ երկու ամիս առաջ էր ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան Հայաստանում և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, և եթե իր խոսքը լսած լինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի:

«Տնտեսությունը այսօր անդունդի եզրին կանգնած ա, եթե խելացի քայլեր չկատարվեն, ուրեմն բոլորը թափվելու ա անդունդը, և դժվար է լինելու վերականգնել»:

 

 


Create Account



Log In Your Account