Apr 19 2020 15:58
Banovsha Shahaliyeva
Views: 338

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 43-ով և դարձել 1291: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:  Ընդհանուր առմամբ կատարվել է 12 հազար 680 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 22-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 545։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 726 պացիենտ: Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրության օրերին ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները: Սա ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է փաստում, այլև հասարակական կազմակերպությունները։ Խիստ սահմանափակումները տանը մնացած կանանց, երեխաներին ու ծերերին ավելի խոցելի են դարձրել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում օմբուդսմենի գրասենյակը ընտանեկան բռնության վերաբերյալ 13 ահազանգ է ստացել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 5 էր, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայում այս ընթացքում ահազանգերն աճել են շուրջ 30 տոկոսով։ Ազատության հետ զրույցում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը նշել է.

«Մենք ունենք դեռևս վերապահում, որովհետև դա ամբողջական պատկերը չի ցուցադրում, մենք գիտենք, որ կանայք կան, որոնց համար մատչելի չէ նույնիսկ հեռախոսազանգ կատարելը»:

Բռնության ենթարկված կանայք հիմա անելանելի վիճակում են, բռնարարից փախչելու, օրինակ` մարզից Երևան՝ ապաստարան տեղափոխվելու կամ էլ կապ հաստատելու հնարավորություն չունեն, ասում է Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը.

«Մի դեպքում դեղատան բարեխիղճ աշխատողը, և չգիտենք` որտեղից է աշխատողն ունեցել մեր թեժ գիծը, զանգել, զգուշացրել է, որ էսպիսի կին կա դեղատանը: Մեր աշխատակիցը մոտեցել է, տեղափոխել ենք կացարան, մյուս դեպքում կինը մարզից ոտքով քայլելով եկել է Երևան, որովհետև տրանսպորտ չկար: Հենց այդպես իր պատմելով` ինքը մտածում էր, որ քայլելով կհասնեն մի կետի, որտեղ ոստիկան կհանդիպեն»:

Կանանց աջակցման կենտրոնի ապաստարան այս ընթացքում 2 կին է տեղափոխվել, երկուսն էլ հոգեբանական ծանր վիճակում են, պատրաստ չեն խոսելու իրենց հետ կատարվածի մասին, անգամ կադրից դուրս: Կանայք տարիներ շարունակ բռնության են ենթարկվել։ Հիմա նրանց հետ հոգեբաններն են աշխատում։

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով՝ ոստիկանությունում ահազանգերը գրեթե նույնն են:

Հայաստանում 1043 հոգի հաշվառված է որպես բռնարար, ուշագրավ է, որ նրանցից 121-ը, ըստ ոստիկանության, կանայք են, 3-ն էլ` անչափահաս։


Create Account



Log In Your Account