Jul 07 2020 18:15
Gulyaz Shirinova
Views: 26

Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ընդ որում ապրիլյան պատերազմից հետո անկման տեմպը արագացել է, փաստում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան հիմնադրամի անցկացրած սոցհարցումը, որն ամփոփ ներկայացված է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունում, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Սոցհարցումն իրականացվել է այս տարվա փետրվարի 21-ից մարտի 15-ը, թեև ժողովածուն կոչվում է «Կովկասյան բարոմետր - 2019»։ Եթե 2013թ.-ին հայաստանցիների 83 տոկոսն էր Ռուսաստանը համարում Հայաստանի հիմնական բարեկամ-երկիր, ապա 2015-ին՝ 75 տոկոսը, 2017-ին՝ 63 տոկոսը, դե իսկ այս տարվա հարցման արդյունքում՝ Ռուսաստանը հիմնական բարեկամ երկիր է համարել հայաստանցիների միայն 57 տոկոսը։ Ակնհայտ է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո անկումը արագացել է: Այսպիսով, 2013թ.-ից ի վեր 26 տոկոսային կետով նվազել է այն հայաստանցիների թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են հիմնական բարեկամ-երկիր։ Ընդ որում, ինչպես վկայում են հարցման արդյունքները, հայաստանցիների նոր սերնդի շրջանում Ռուսաստանն ավելի քիչ հեղինակություն ունի, քան տարիքով ավագների մոտ։ Հարցումն անցկացվել է տարիքային երեք խմբում՝ 18-35 տարեկաններ, 36-55 և 56 տարեկանից բարձր անձանց խմբում։ 18-35 տարեկան հայաստանցիների 52 տոկոսն է Ռուսաստանը համարել հիմնական բարեկամ-երկիր, 36-55 տարեկանների խմբում այդ թիվը կազմում 60 տոկոս, դե իսկ 56 տարեկանից բարձր հայաստանցիների 59 տոկոսն է համարել Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր։ Մայրաքաղաք Երևանում Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր են համարել հարցվածների 47 տոկոսը, Հայաստանի այլ քաղաքներում՝ 57 տոկոսը, իսկ գյուղերում՝ 66 տոկոսը։ Տղամարդկանց 59 տոկոսն է Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր համարել, կանանց 55 տոկոսը։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի վարկանիշի նման՝ կտրուկ անկումը նախևառաջ հարկավոր է բացատրել տարածաշրջանում Կրեմլի վարած քաղաքականությամբ՝ միլիարդավոր դոլարների հասնող հարձակողական սպառազինության մատակարարումը Ադրբեջան, որը Բաքուն օգտագործեց հայկական Զինված ուժերի դեմ ապրիլյան պատերազմի օրերին, և Թուրքիայի հետ վերջին շրջանում հարաբերությունների ջերմացմամբ։

«Դուք նշեցիք երկուսը, ես ուզում եմ գումարել նաև գազի գործոնը: Պատկերացնում եք` կորոնավիրուս է, պատկերացնում եք, որ մեզ աջակցում են նույնիսկ փոքր երկրներ Լիտվայի չափի, դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի «Գազպրոմը» բարձրացնում է նորից գինը մեր քաղաքացիների համար, գազի գինը, մինչդեռ միջազգային շուկաներում այդ գինը կտրուկ անկում է ապրում», - նշել է Գրիգորյանը:


Create Account



Log In Your Account